Կայացավ «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը
Երևանում` «Մերիդիան» էքսպո կենտրոնում, «Yerevan Show 2015» ոսկերչական ցուցահանդեսում աշխարհում հայտնի ադամանդագործական, ոսկերչական և ժամագործական ընկերությունների ստեղծած նրբաճաշակ, յուրօրինակ զարդերի և ժամացույցների կողքին ներկայացված է հայտնի ռուս ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի 1916թ. Վասպուրականից բերված հավաքածուից երկու նմուշ՝ գոտի և գլխազարդ: «Մերիդիան» ցուցասրահում այսօր կայացավ նաև «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Պատկերագրքում ներկայացված է Ա. Միլլերի կողմից հավաքագրված՝ Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն, որը կազմում է Ռուսաստանի ազգագրության թանգարանում կայացած «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցադրության մի մասը:
«Այս կատալոգով հայկական մշակութային արժեքներն ի վերջո ունեցան հայկական անձնագիր: Տարբեր տեղերում կան հայկական մշակութային ժառանգության նմուշներ և միշտ չէ, որ կարողանում ենք ներկայացնել դրանք կատալոգի տեսքով: Այս իմաստով և այդ ցուցահանդեսը, և այս կատալոգը կարևոր են՝ ներկայացնելով ամբողջ նյութը: Պետք է մշտապես անդրադառնալ այլ թանգարաններում գտնվող մեր մշակութային ժառանգությանը ու տպագրել: Խիստ կարևոր գործընթաց է»,- պատկերագրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա նշեց, որ փորձելու են Ռուսաստանի ազգագրության թանգարանում գտնվող Վասպուրականից բերված ամբողջական հավաքածուի ցուցահանդեսը կազմակերպել:
«Ցեղասպանությունից անմիջապես հետո ցարը ազգագրագետներին ոգևորեց, որպեսզի շուտ գնան և նյութերը հավաքեն: Կատարվեց այդ նյութերի գնումը, այնուհետև տեղափոխվեցին Պետերբուրգ՝ այդպիսով փրկելով կորստից»,- ասաց Հ. Պողոսյանը:
Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանի խոսքով, կատալոգի էջերում ներառված ցուցանմուշները պատմում են հայ մշակույթի եզակի ցուցանմուշների մասին, որոնք 1916 թվականին տարվել են Պետերբուրգի ազգագրության թանգարան և այս բոլոր տարիների ընթացքում պահվել այնտեղ:
«Այս տարի մեր թանգարանում բացվել է Արևմտյան Հայաստանի, Վասպուրականի եզակի մշակույթը բացահայտող ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մենք նպատակ ունեինք ոչ միայն խոսել այդ ողբերգության մասին, այլ նաև ցուցադրել հայկական ավանդական մշակույթի եզակի ցուցանմուշները»,- ասաց Վ. Գրուսմանը:
Սանկտ Պետերբուրգում բացված ցուցահանդեսը և «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագիրքը տպագրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի կառավարության և մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաստանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ:
Առաջին աշխարհամարտի ժամանակ Ա. Միլլերի կողմից Վան-Վասպուրականի տարածքից հավաքվել է 400 ոսկերչական իր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում