Հանրապետության մի քանի սպանդանոցների մոտ իրացման խնդիրներ կան
Առաջիկայում նախատեսվում է հանրապետության հինգ սպանդանոցները ևս երկուսով համալրել, ինչը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել ժամանակակից սարքավորումներով` սպառողներին ապահովելով անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով: Այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն՝ այսօր հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում են ԳՆ մամուլի ծառայությունից:
«Մենք մեծապես կարևորում ենք սպանդանոցների աշխատանքը, քանի որ անչափ մեծ է դրանց դերը մեր երկրում սննդի անվտանգության ապահովման և առհասարակ, անասնապահության զարգացման խթանման գործում, և մեր նպատակն է քննարկել ու լուծում տալ բոլոր խնդիրներին, որպեսզի շահագործման հանձնված սպանդանոցները սկսեն ամբողջ թափով աշխատել»,- նշել է Սերգո Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում սպանդանոցների սեփականատերերը նախարարին ներկայացրել են ընթացիկ իրավիճակն ու առկա խնդիրները: Ըստ այդմ` մի քանի սպանդանոցներ արդեն իսկ սկսել են մորթ իրականացնել, ունեն պայմանագրեր ներքին շուկայում, ինչպես նաև արտահանումներ են իրականացնում` մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս մասի մոտ կան իրացման խնդիրներ` կապված արտադրանքի մրցունակության հետ:
Հանդիպման քննարկման ընթացքում մասնակիցները կարևորել են հանրային սննդի օբյեկտներին մատարակարարվող միսը պարտադիր կարգով սպանդանոցային մորթի ենթարկելու հարցը:
Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին քայլեր նախաձեռնել իրենց գործունեությունն ակտիվացնելու ուղղությամբ` ընդգծելով, որ պետությունը կարևորում է սննդի անվտանգության հարցը և պատրաստ է իր հնարավորություն սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան