Կողբի, Ներքին Կարմիրաղբյուրի և Արծվաբերդի դպրոցներում«Յուքոմը» և ԻՏՁՄ-ն հիմնել են ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ
F Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և «Յուքոմ» ընկերության աջակցության շնորհիվ այժմ Տավուշի մարզի Կողբ, Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ գյուղերի դպրոցականները նույնպես հնարավորություն ունեն կրթվելու ինժեներական ժամանակակից լաբորատորիաներում, որտեղ առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ և այլ սարքեր: Ինժեներական այս ժամանակակից լաբորատորիաներում աշակերտները կարող են ստեղծել հեռակառավարվող մեքենայից մինչև կենցաղում կիրառվող ռոբոտներ: Նրանք կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:
ԻՏՁՄ մամուլի ծառայության հաղորդմամբ, լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունն սկսվել է Կողբ գյուղի դպրոցում, որին ներկա էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ԻՏՁՄ փոխտօրեն Հայկ Չոբանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ինչպես նաև այլ հյուրեր և ներկայացուցիչներ:
Միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը այցելելել են նաև Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ սահմանամերձ գյուղերի դպրոցներ: Ինժեներական լաբորատորիաների բացման արարողությանը մասնակցում էին նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի գլխավորությամբ:
««Յուքոմ» ընկերությունը մեծապես կարևորում է կրթության և երեխաների գիտելիքների զարգացմանն ու խրախուսմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Հատկապես, մեծ ուշադրության են արժանանում կրթության զարգացումը և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը սահմանամերձ բնակավայրերում»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Շատ կարևոր է, որպեսզի դպրոցական տարիքից երեխաների մոտ ձևավորվի տեխնոլոգիական մտածողություն և ինժեներական սկզբնական գիտելիքներ, որպեսզի ապագայում, ունենալով տեխնոլոգիապես զարգացած սերունդ, մենք ունենանք մեր հայրենական արտադրանքը, որը հպարտորեն կկրի «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը»,-ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծել է. «Ինժեներական կրթության որակի բարձրացումը հատկապես սահմանամերձ գյուղերում մեզ համար գերկարևոր խնդիր է: Մենք շատ ուրախ ենք, որ առաջատար ընկերությունները, ի դեմս «Յուքոմի», ևս մտահոգված են նշված խնդրով և պատրաստ են ներդրում կատարել որակյալ տեխնոլոգիական և, ամենակարևորը, հեռանկարային կրթության համար»:
Ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլ նաև տեղի և մոտակա գյուղերի բնակիչները: Ինժեներական լաբորատորիաներում կրթված պատանիները հնարավորություն են ունենում նաև մրցունակ լինել Հայաստանի աշխատաշուկայում և ապագայում լավ աշխատանք ունենալ առաջատար ընկերություններում:
Ըստ աղբյուրի, ԻՏՁՄ-ի և աջակից ընկերությունների շնորհիվ մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում արդեն գործում են ռոբոտաշինության ավելի քան 80 խմբակ, որոնցից շուրջ 20-ն արդեն կահավորված են ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում