Նոր սարքավորման շնորհիվ Բագրատաշենի մաքսակետում քաղաքացիները զերծ կմնան կրկնակի զննում անցնելուց
Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից՝ 2013-ին: Ծրագիրն այժմ մոտենում է ավարտին, և, հաշվի առնելով շինարարական աշխատանքների պատասխանատու փուլը, «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շինհրապարակ է այցելել՝ անձամբ ծանոթանալու շինարարության ընթացքին: Այս մասին հայտնում է ՖՆ մամուլի ծառայությունը:
Շրջայցի ընթացքում Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է նախագծային բոլոր մանրամասներին, ըստ գործառույթների՝ հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը: Նախարարը գնահատում է՝ կապիտալ շինարարությունն ավարտված է, սակայն անելիքներ դեռ կան` ներքին ու արտաքին հարդարման և այլ ուղղություններով: Շրջայցի ընթացքում ավարտական փուլին առնչվող ի հայտ եկած բոլոր խնդիրների և թերությունների հետ կապված Գագիկ Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում՝ պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և շինարարաների մասնակցությամբ:
Նախարարն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով ավարտին հասցնելու անհրաժեշտությունը` լիարժեք ապահովելու համար «մեկ պատուհան-մեկ կանգառ» սկզբունքի արդյունավետ կիրառումը սահմանահատման ժամանակ՝ բացառելով ընթացակարգերի կրկնությունը:
Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի տեղեկացմամբ` նախարարը մաքսատան ղեկավարությանը հանձնարարել է համատեղ քննարկում կազմակերպել անցակետում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումների հետ` ի մի բերել շինարարական թերացումներն ու քայլեր ձեռնարկել խնդիրների շտկման ուղղությամբ:
«Նոր անցակետի առանձնահատկությունն այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ. 10 հա տարածքում կանգուն են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքերը, կինոլոգիական կենտրոնը, մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղին և այլն: Բոլորը միտված նախևառաջ՝ քաղաքացու հարմարավետությանը»,- ընդգծել է Սամվել Սաֆարյանը:
Նախարարի մեկ այլ հանձնարարությամբ նոր մաքսակետի ուղևորային անցուղում ևս կտեղադրվի «Ռապիսկան» սարքավորում, ինչի արդյունքում, ըստ մաքսատան պետի, քաղաքացիները զերծ կմնան կրկնակի զննում անցնելուց: Սահուն սահմանահատում՝ հաշված րոպեների ընթացքում. Բագրատաշենի արդիականացված անցակետը կներկայանա այցելուներին ժամանակակից տեսքով և համահունչ սպասարկմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին