Իրանցի գեներալ. Եթե Ռուսաստանը չմտներ Սիրիա, ստիպված կլիներ ահաբեկիչների դեմ պայքարել իր սահմանների մոտ
«Եթե Ռուսաստանը չմտներ Սիրիա, ստիպված կլիներ ահաբեկիչների դեմ պայքարել իր սահմանների մոտ»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ընդհանուր հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով «Իսլամական պետության» դիրքերին Ռուսաստանի հասցրած ավիահարվածներին, մասնավորապես նշել է. «Վերլուծաբանները պնդում են, թե Ռուսաստանը Սիրիայի ավանդական դաշնակիցն է և ՌԴ-ն հանդիսանում է Միացյալ Նահանգների մրցակիցը: Սակայն պետք է նշել, որ ռուսները հասկանում են, որ եթե այսօր չպայքարեն ահաբեկիչների դեմ, ապա վաղը ստիպված կլինեն նրանց դեմ կռվել իրենց սահմանների մոտ»:
Շարունակելով խոսքը՝ ԻՀՊԿ-ի ընդհանուր հրամանատարի տեղակալը հավելել է. «Ռուսների վիճակագրության համաձայն՝ ԻՊ-ի հրամանատարների մոտ 20 տոկոսը Միջին Ասիայից և Կովկասի տարածաշրջանից է: Ներկայում Ռուսաստանն ահաբեկչական վտանգ է զգում ինչպես Աֆղանստանից ու Պակիստանից, այնպես էլ Սիրիայից, Թուրքիայից ու Կովկասից: Ռուսաստանը հենց այդ ընկալմամբ է մտել Սիրիա»: