Ադրբեջանն անգամ անառիթ գնում է սահմանային լարվածության. Ս. Մինասյան
Սահմանային լարվածությունն անխուսափելի է. երկու, երեք ամիսը մեկ, կապելով ինչ-որ առիթների հետ՝ Ադրբեջանը ծանր հրետանի է օգտագործում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում սահմանային լարվածություն կլինի:
«Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո, եթե լինեն հետընտրական որոշ զարգացումներ, նրանք շահագրգռված կլինեն էսկալացիայի նոր փուլ սկսել: Եթե անգամ առիթ էլ չլինի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գնում է այդ քայլերին, պարզապես ցույց տալու, որ իրենք համաձայն չեն այն իրականության հետ, որը կա»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ կիրառվող միջազգային հանրության լծակներին՝ նա նշեց, որ լուրջ լծակներ չեն օգտագործվում և լուրջ ազդեցության երաշխիքներ էլ չկան, սակայն զսպում են Ադրբեջանին` ավելի լայնածավալ ռազմական գործողությունների չգնալ: