Խորհրդարանում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Այսօր առավոտյան Ազգային ժողովի այգում՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ պատգամավորները, ինչպես նաև զոհված գործիչների հարազատները հարգանքի տուրք մատուցեցին ոճրագործության հետևանքով մահացած քաղաքական գործիչների հիշատակին, ծաղիկներ դրեցին հուշակոթողին:
Հուշակոթողի մոտ հիշատակի արարողությանը մասնակցում էին 16 տարի առաջ մահացած գործիչների հարազատները՝ նաև՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը:
1999 թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17:00-ի սահմաններում Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին դահլիճ ներխուժած զինված 5 ոճրագործների գնդակից սպանվել էին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը: