Սահմանադրական փոփոխությունները կուժեղացնեն ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը. Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունների անցկացումը Հայաստանում, որի արդյունքում սպասվում է կառավարման համակարգի փոփոխություն, քաղաքական օրակարգի առանցքային խնդիրներից է մնում:
«Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ սահմանադրական փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում մենք կունենանք իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռման ավելի կատարյալ համակարգ, կուժեղացվի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը և մարդու իրավունքների պաշտպանությունը կդրվի առավել ամուր իրավական հիմքերի վրա», -այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա բնական համարեց այն, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ունի ընդդիմախոսներ: Անդրադառնալով ընդդիմախոսների այն պնդումներին, թե Նախագծով ճանապարհ է հարթվում միակուսակցական համակարգի անցման համար, Շարմազանովը նախ նկատեց, որ ԱԺ-ում չի եղել գեթ մի խմբակցություն, որն ամբողջությամբ դեմ քվեարկեր փոփոխություններին, այնուհետև հավելեց. «Ավելին՝ 3 խմբակցություն պաշտոնապես կողմ հանդես եկավ բարեփոխումներին, ընդդիմադիր խմբակցություններից մեկի 3 ներկայացուցիչ կողմ քվեարկեց, նույնկերպ վարվեց մեկ այլ ընդդիմադիր խմբակցությունից ևս մեկ պատգամավոր:
Նոր փոփոխություններն անհնարին են դարձնում մեկ քաղաքական ուժի կողմից կարևորագույն օրենքների ընդունումը, ինչպես նաև Գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, և մի շարք այլ առանցքային պաշտոնյաների ընտրությունը, քանի որ նրանց ընտրվելու համար անհրաժեշտ է ձայների առնվազն 3/5-րդը: Այլ կերպ ասած, այդ գործընթացն առանց քաղաքական կոնսենսուսի պարզապես կդառնա անհնար:
Այսքանից հետո պնդել, թե իբր սա անցում է միակուսակցական համակարգի, գրեթե նույնն է, ինչ ասել, թե հայոց այբուբենի առաջին տառը «այբ»-ը չէ», -հավելեց իշխանության ներկայացուցիչ պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում