Ստամբուլում հայ որբերի ճամբարը վերադարձվել է հայ համայնքին
Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից ստացված լուրերի համաձայն` «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել էնաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
«Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր էր եղել դադարեցնել: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվել է հայ համայնքին, լրացել է ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան