Ստամբուլում Հայկական ճամբարի վերադարձի համար պայքարը պսակվել է հաջողությամբ. Նախաձեռնության հայտարարությունը
«Այս տարվա մայիսի 6-ին մեր սկսած պայքարը, դիմադրության 175-րդ օրում` 2015 թ. հոկտեմբերի 27-ին, պսակվեց հաջողությամբ: Ճամբարը վերադարձվեց Գեդիկփաշայի հայկական հիմնադրամին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում պայքարի բոլոր աջակիցներին, ինչպես նաև «Նոր Զարթոնք» նախաձեռնությանը»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ, ասված է Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի վերադարձի համար ստեղծված «Քամփ Արմենի դիմադրություն» անվանումով նախաձեռնող խմբի ներկյացուցիչների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանումգտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: 2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր է եղել դադարեցնել: Այսօր ճամբարը վերադարձվել է հայ համայնքին:
Նախորդող հրապարակում՝
Ստամբուլում հայ որբերի ճամբարը վերադարձվել է հայ համայնքին