Ցեղասպան ջարդարարներից փրկել ենք նաև իրենց մշակույթը. Հրաչյա Թամրազյան
«Հիշողության կերպարանքները» միջազգային գիտաժողովը մի առիթ է համագումարի դնելու մեր նորագույն ձեռքբերումները ձեռագրերի պահպանման, վերանորոգման, թվայնացման, հսկա մշակութային ժառանգության ուսումնասիրման և վերաիմաստավորման համար: Նախքան «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի մեկնարկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Նշենք, որ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկում է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գիտաժողովն անցկացվում է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։ Այն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Հ. Թամրազյանն ասաց, որ Մատենադարանը բազմաթիվ պայմանագրեր է կնքել գործընկերների, եվրոպական, ԱՊՀ երկրների նշանավոր կենտրոնների հետ: Վերջերս պայմանագիր են կնքել նաև Կալիֆորնիայի ազգային համալսարանի հետ, որտեղ մոտ 100 հայերեն ձեռագրեր են պահպանվում:
«Միջազգային գիտաժողովների, համագործակցության շնորհիվ Մատենադարանը միջազգային հարթակում գնալով լայն ճանաչում է ձեռք բերում և ձգողականություն: Մատենադարանը մարդկային հիշողության շտեմարան է, համամարդկային մշակույթի կենտրոն»,- ասաց Հ. Թամրազյանը:
Նա նշեց, որ Մատենադարանը փրկել, պահպանել, այսօր նաև հանրահռչակում է օտար մշակույթը. «Մեր ձեռագրական ֆոնդում քիչ չեն արաբատառ ձեռագրեր: Ցեղասպանության ընթացքում փրկել ենք ոչ միայն հայերեն, նաև օտար, արաբատառ ձեռագեր, ղուրաններ, կրոնական գրքեր, անգամ օսմաներեն ձեռագրեր: Սա նշանակում է, որ ցեղասպան ջարդարարներից փրկել ենք նաև իրենց մշակույթը: Այստեղ է երևում հայ մարդու արժեհամակարգը»:
Մատենադարանի տնօրենի խորհրդական, գիտաժողովի գլխավոր համակարգող Արա Խզմալյանն ասաց, որ անցած հինգ տարիների ընթացքում գիտաժողովը ձեռք է բերել լայն ճանաչում՝ համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների (միջնադարագետներ, ձեռագրագետներ, վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանագետներ, արխիվագետներ, գրադարանավարներ)։ Կատարված աշխատանքի արդյունքում է նաև 2014 թ. դեկտեմբերին Մատենադարանին շնորհվել գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում ԱՊՀ տարածքում Բազային կազմակերպության կարգավիճակ։ Գիտաժողովը բազային գործառույթների իրականացման լավագույն և հիմնական հարթակն է։
Եռօրյա գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ։ Գիտաժողովի ընթացքում իրականացվելու են մշակութային միջոցառումներ, տեղի է ունենալու Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալ. Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսը, նախատեսվում է համագործակցության պայմանագրերի կնքման արարողություն: ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» կպարգևատրվեն գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել են Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված: Ներկա են լինելու նաև դիվանագիտական օղակների ղեկավարներ։ Ելույթներով հանդես են գալու Հայաստանի թանգարանների, արխիվների ու գրադարանների աշխատակիցները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում