Անդրեյ Բիտովը «Հայաստանի դասերը» գրքի համար մրցանակի է արժանացել
Ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի, ԵՊՀ պատվավոր դոկտոր, մի շարք մրցանակների դափնեկիր Անդրեյ Բիտովն ամենամյա «Յասնայա պոլյանա» մրցանակաբաշխության «Ժամանակակից կլասիկա» անվանակարգում մրցանակի է արժանացել «Հայաստանի դասերը» գրքի համար, որը նա գրել է 40 տարի առաջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ-ի գրողներից առաջինն էր, ով բացահայտորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին և դատապարտել:
Այս անվանակարգում կարճ ու երկար թերթիկներ չեն կազմվում, ժյուրիի անդամները միանգամից են ընտրում մրցանակակրին: «Ժամանակակից կլասիկա» անվանակարգում Անդրեյ Բիտովը ստացել է դրամական մրցանակ՝ 1,5 մլն ռուբլի:
Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը: Նրա գործերի տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվում է, և դա Բիտովի համար նոր հորիզոններ է բացում` արտասահման, դասախոսություններ, հասարակական գործունեություն: «Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986-ին վերադարձավ ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացավ արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։
Ամենամյա համառուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը հիմնվել է 2003 թվականին: Մրցանակաբաշխությունը պահպանում է ռուս դասական գրականության ավանդույթները և ժամանակակից գրականության արդիական միտումները:
Մրցանակաբաշխությունը կայացել է այսօր: Արձանիկներն ու դիպլոմները մրցանակակիրներին հանձնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան