Վրացագետ. Փոխվել է վրաց իշխանության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ
«Վրաստանում այժմ ստեղծված ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է հաջորդ տարի նշանակված խորհրդարանական ընտրություններով: Այս պարագայում ընդդիմությունը՝ և խորհրդարանական, և արտախորհրդարանական, ակտիվացել է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Վրաստանում իրավիճակի լարմանը, ըստ նրա, բերել է նաև «Գազպրոմի» խնդիրը՝ Վրաստանում ռուսական ընկերության ներկայության մեծացմանն ուղղված քայլերը:
«Իշխանությունների պատճառաբանությունն այն է, որ մենաշնորհ զբաղեցնող ադրբեջանական «Սոկար» նավթագազային ընկերությունը չի կարողանում բավարարել հատկապես մեծ ընկերությունների ներքին սպառման պահանջարկը: Պատասխանատուները փորձում են խնդիրը լուծել «Գազպրոմի» կշիռը մեծացնելով: Մինչդեռ «Սոկար» ընկերությունը հայտարարել է, որ կարող է բավարարել ամբողջ պահանջարկը: Վրացի փորձագետներն, ոլորտի մասնագետները հայտարարում են, որ չեն կիսում ադրբեջանական ընկերության տեսակետը և իրենք այն կարծիքն են, որ անհրաժեշտ է զրկել ադրբեջանական ընկերությանը մենաշնորհային դիրքից»,- ասաց վրացագետը:
Նա նաև նշեց, որ Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին նախօրեն խոսել է իրանական գազի տարբերակի մասին. «Արդեն Վրաստանում բարձրաստիճան մակարդակով խոսում են իրանական գազի, երկաթուղու մասին: Պատրաստակամության կա իրանական կողմից: Այդ դեպքում Հայաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել՝ լինելով տարանցիկ երկիր»:
«Վերջին տարիներին, ընդհանրապես, փոխվել է Վրաստանի իշխանության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Նախկին նախագահ Սաակաշվիլին մշտապես մեղադրում է Վրաստանի գործող իշխանություններին հակաադրբեջանական, հակաթուրքական քաղաքականություն վարելու մեջ:
Վրաստանի ներկայիս իշխանություններն իրականացնում են հարևանների հետ հավասարակշռման քաղաքականություն, փոխվել են նաև հայ-վրացական հարաբերությունները. ի տարբերություն նախկին իշխանության ժամանակաշրջանի, ներկայիս ղեկավարությունը մեր պետության ղեկավարության հետ ավելի սերտ համագործակցության է ծավալում»,- ասաց Ալիկ Էրոյանցը:
Վրացագետի կարծիքով, Վրաստանում ստեղծված իրավիճակում հայ համայնքը պետք է որդեգրի չեզոք դիրքորոշում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները