Ուսումնասիրվում է «Վանաձոր քիմպրոմ» գործարանի վերագործարկման հարցը. Երվանդ Զախարյան (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք վճարվել է «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցների աշխատավարձերը և ի՞նչ ճակատագիր է սպասվում գործարանին, հայտնեց, որ «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցով խորհրդատվություն է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:
Ե.Զախարյանը նշեց, որ Նախագահը հանձնարարել է ուսումնասիրություններ անել, ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ աշխատավարձերի վճարման հետ կապված: «Երկու ամսվա աշխատավարձերն արդեն վճարվել են: Նախագահի կողմից կա հանձնարարական՝ վճարել բոլոր աշխատակիցների ամբողջ աշխատավարձերը՝ մինչև դեկտեմբերի 15-ը: Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ աշխատավարձի մնացած մասը կվճարվի մինչև դեկտեմբերի 15-ը»,- ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է գործարանի վերագործարկմանը, Ե.Զախարյանն ասաց, որ Հանրապետության նախագահի կողմից եղել է նաև հանձնարարական՝ ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները: Ըստ նրա՝ այս պահին այդ ուսումնասիրություներն ընթանում են, որի ավարտից հետո կներկայացնեն համապատասխան առաջարկություններ ու եզրակացություններ կառավարությանը և ՀՀ նախագահին, որպեսզի քննարկվի գործարանի հետագա կարգավիճակի հարցը: