Թուրքական իշխանությունները փորձում են սիրաշահել ազգային փոքրամասնություններին. թուրքագետ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ փորձում է սիրաշահել Թուրքիայում բնակվող որոշ ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի:ն Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Ըստ նրա, հավանական է, որ հայերին սիրաշահելու համար է Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատունը` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը, վերադարձվել հայկական համայնքին:
Թուրքագետի խոսքով, կանխատեսելի էր, որ ընտրություններին ընդառաջ ԱԶԿ-ն որոշակի քայլեր կանի, որոնք կլինեն հայ համայնքի սրտով՝ նկատի ունենալով, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը սերտ կապեր ունի իշխող կուսակցության հետ, բացի այդ հենց այդ կուսակցությանում կա նաև հայ ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: 2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր է եղել դադարեցնել: Նախօրեին ճամբարը վերադարձվել է հայ համայնքին:
Թուրքագետը նաև նշեց, որ թուրքական տեղեկատվական կենտրոնները հայտնում են, որ ԱԶԿ-ն դիմում է բոլոր հնարավոր միջոցների նոյեմբերի 1-ի ընտրություններում ձայներ ստանալու համար, այդ թվում դիմում է նաև որոշ սեռական փոքրամասնությունների համայնքներին այն դեպքում, երբ շատ ելույթներում նախագահ Էրդողանը քննադատում էր նրանց:
Նախորդող հրապարակումներ՝
Ստամբուլում Հայկական ճամբարի վերադարձի համար պայքարը պսակվել է հաջողությամբ. Նախաձեռնության հայտարարությունը
Ստամբուլում հայ որբերի ճամբարը վերադարձվել է հայ համայնքին