Պլաստիկ վիրաբուժության ոլորտում Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ. Միջազգային կոնգրես Երևանում
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) այսօր մեկնարկեց «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են մասնագետներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց կոնֆերանսի կազմակերպիչ, պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանը, հինգերրորդ անգամ անցկացվող կոնգրեսը նվիրված է պլաստիկ վիրաբուժությունում նոր տեխնոլոգիաների, բուժման նոր եղանակների, մեթոդների ներդրմանը:
«Ամբողջ աշխարհում պլաստիկ վիրաբուժությունն արագ զարգանում է և մենք այդ զարգացման տեմպերից չպետք է հետ մնանք, ուստի կարևոր է, որպեսզի հնարավորինս այդ տեխնոլոգիաներն արագ ներդնենք Հայաստանում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ պլաստիկ բժշկության այսօրվա զարգացումները տարբեր երկրների մասնագետների հետ ուսումնամեթոդական ու հետազոտական համընդհանուր դաշտի ստեղծումից բացի, թելադրում են նաև գլոբալ համագործակցություն, գիտաժողովների, համաժողովների անցկացում, նոր տեխնոլոգիաների ու առաջավոր փորձի փոխանակում:
«Գիտաժողովների միջոցով փորձում ենք Հայաստան հրավիրել աշխարհի առաջատար մասնագետներին: Կոնգրեսից հետո նրանց մի մասն աշխատելու են երևանյան կլինիկաներում և հայ բժիշկների հետ համատեղ վիրահատություններ են կատարելու»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը:
Պլաստիկ վիրաբույժն ասաց, որ այսօր բժիշկներն աշխատում են բջջային, լազերային, ուլտրաձայնային տեխնոլոգիաներով, իսկ դրանք լուրջ կրթություն, մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջում: Ըստ նրա՝ 15-20 տարի առաջ միայն երազում էին այդ տեխնոլոգիաներով աշխատել, բայց այսօր Երևանում առաջատար կլինիկաներն աշխատում են միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաներով:
«Սա լուրջ առաջընթաց է, այսինքն՝ հայ վիրաբույժները ոչ միայն տիրապետում են այդ եղանակներին, այլ նաև դրանք կիրառում են իրենց գործունեության մեջ: Այսօր մի շարք կլինիկաներ հագեցած են լազերային, ռադիոալիքային ապարատներով: Սրանք քիչ վնասակար են, այսինքն՝ հնարավորություն են տալիս ավելի քիչ վնաս պատճառելով հասնել լավագույն արդյունքի»,- ընդգծեց Արմեն Հովհաննիսյանը:
Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ շատ ներքին հիվանդություններ արտացոլվում են նաև մարդու արտաքինի վրա և կարող են հոգեբանական խնդիրներ, ինչպես նաև անհարմարավետության զգացում առաջացել: Ըստ նրա՝ որոշ իրավիճակներում հիվանդներին կարող են օգնել պլաստիկ վիրաբույժները, ընդ որում՝ նրանց օգնությունը կարող է նույնիսկ մեծացնել հիմնական հիվանդության բուժման արդյունավետությունը:
«Ես՝ որպես ներքին հիվանդությունների մասնագետ, հույս ունեմ, որ արտաքին խնդիրների վերացմամբ կկարողանանք հետադարձ կապ ստեղծել և ազդել այն օրգանի գործառույթի և կառուցվածքի վրա, որն այդ լուրջ խնդիրների պատճառն է հանդիսանում», - ընդգծեց ռեկտորը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Նրա խոսքերով՝ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը բժշկագիտության մեծագույն ձեռքբերումներից է և մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Այս ոլորտում Հայաստանը ևս, ըստ նրա, ունի լուրջ ձեռքբերումներ:
Ըստ նրա՝ նորագույն սարքավորումներով և վիրահատարաններով հագեցված կլինիկաներում հայ մասնագետները ծառայություններ են մատուցում միջազգային չափորոշիչներին համապատասխան:
«Ցանկացած ոլորտում անհնար է մշտապես առաջընթաց ապահովել առանց աշխարհի նորամուծությունների և մյուս երկրների փորձը չօգտագործելով: Հուսով եմ, որ այս գիտաժողովը նույնպես կնպաստի ոլորտի զարգացմանը, փորձի փոխանակմանը»,- ասաց փոխնախարարը:
Նշենք, որ կոնգրեսի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, ցուցադրություններ, իսկ հոկտեմբերի 30-ին կկայանա դերմատոկոսմետոլոգիայի արբանյակային սիմպոզիում։
Կոնգրեսի կազմակերպիչներն են Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ընկերակցությունը, Երևանի պետական բժշկական համալսարանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում