Կայացել է Սերգեյ Սմբատյանի համերգը «Կարնեգի հոլում»
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախօրեին ելույթ է ունեցել դասական երաժշտության կատարման համար աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Կարնեգի հոլում»՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։ Սերգեյ Սմբատյանն ամենաերիտասարդ հայ դիրիժորն է, որ հանդես է եկել «Կարնեգի հոլում»։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել մեծ ճանաչում ունեցող երգչուհի Քարլի Պաոլին (մեցցո-սոպրանո), հարավկորեացի ջութակահար Սոյունգ Յունը՝ իր ժամանակի ամենապայծառ երաժիտներից մեկը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստներ Ինո Միրկովիչը (ջութակ), Միլթոն Մասքիադրին (կոնտրաբաս), երաժշտական տնօրեն՝ Մին Կիմ։ Ծրագրում հնչել են Պիացոլայի «Տարվա ժամանակները», Մենդելսոնի 10-րդ սիմֆոնիան, Շուբերտի, Բոտտեզինիի, Գերշվինի, Էլգարի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երկու մասից բաղկացած գալա-համերգը տևել է մոտ երկուսուկես ժամ։
Համերգը «Կարնեգի հոլում» կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակում։ Կորեայի կամերային նվագախումբն ունի համաշխարհային մեծ համբավ։ Այս տարի Կորեայի կամերային նվագախումբն արդեն իսկ երկու համերգ ունեցել էր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. հունվարին՝ Սեուլի արվեստների կենտրոնում աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչի հետ համատեղ, և փետրվարին՝ Մոսկվայում։
Մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ Կորեայի կամերային նվագախմբի հաջորդ բեմելը հոկտեմբերի 31-ին Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիայի «Ջորդան հոլ» դահլիճում է։
Համերգները Միացյալ Նահանգներում անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և մասն են կազմում միջազգային այս կազմակերպության 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում