ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանին հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին
«Միացյալ Նահանգներն Իրանին հրավիրել են մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ սիրիական ճգնաժամի սկզբից չորս տարի անց առաջին անգամ Միացյալ Նահանգներն Իրանին ևս հրավիրել են՝ մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին:
Անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը՝ «ԻՌՆԱ»-ի մեկնաբանը նշում է. «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Կատարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնք միջազգային ահաբեկիչներ ուղարկելով, Սիրիան ներքաշեցին պատերազմի մեջ, այժմ ստիպված ընդունում են իրենց ծրագրերի անարդյունավետությունը և տարիներ ի վեր մերժելով Իրանի մասնակցությունը բանակցություններին, այժմ ընդունում են միջազգային և տարածաշրջանային ասպարեզում իրանական դիվանագիտության արձանագրած հաջողությունները»:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վաղը Վիեննայում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի կունենա Սիրիայի հարցով հերթական հանդիպումը: Զախարովայի խոսքով՝ հինգշաբթի կեսօրից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա նաև Իրանի, Եգիպտոսի, Իրաքի և Լիբանանի արտգործնախարարների հետ:
Իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քերբին, նախօրեին կայացած մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացում Իրանի հնարավոր մասնակցությանը, նշել է. «Մենք գիտենք, որ սիրիական ճգնաժամի շուրջ ընթացող գործընթացի վերջնական փուլում Իրանի հետ բանակցելու անհրաժեշտություն կլինի»: