«Այո»-ի շտաբը վարչական ռեսուրսներ կիրառելու խնդիր չի դրել իր առջև. Վահրամ Բաղդասարյան
«Այո»-ի կենտրոնական շտաբը ամեն օր ժամը 18:30-ին հանդիպում է, քննարկում է անելիքը: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչու են շտաբում ընդգրկվել վերահսկողական լծակներ ունեցող անձինք, Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ հաշվի է առնվել նրանց կազմակերպչական փորձը:
«Երեկ շտաբում մարզպետների հետ է հանդիպումը կայացել, այսօր կհանդիպեն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ», -հավելեց Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչու է շտաբի աշխատանքներից դուրս մնացել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Բաղդասարյանը պատասխանեց, որ նպատակահարմար է գտնվել, որ քարոզչական աշխատանքներով զբաղվի Վիգեն Սարգսյանը, իսկ Շարմազանովը կմնա որպես մամուլի խոսնակ:
«Ում էլ շտաբի անդամ դնեինք, նրանք բոլորն էլ որևէ կառույցում աշխատակիցներ պետք է լինեին և միևնույն է դուք պետք է ասեիք` նրանք կկիրառեն իրենց վարչական ռեսուրսները: Մենք մեր առջև խնդիր չենք դրել վարչական ռեսուրս կիրառելու, այլ խնդիր ենք դրել կազմակերպչական աշխատանքներ կատարել: Երբ երրորդական դեմքեր նշանակեինք շտաբում, լրագրողները կասեին, թե Հանրապետականի համար լուրջ չեն վերաբերվում Սահմանադրական բարեփոխումներին, երբ առաջին դեմքերով ենք հանդես գալիս, ասում եք` ինչու այսպես: Մենք կարևորում ենք Սահմանադրական բարեփոխումները և պետք է կարողանանք այնպես կազմակերպել, որ որևէ խոցելի տեղ չմնա, որովհետև այս գործընթացին հետևում է միջազգային հանրությունը», -նկատեց Վահրամ Բաղդասարյանը: