Արթուր Դավթյան. «Եթե շարունակեմ լավ հանդես գալ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք»
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, ով այժմ գտնվում է Գլազգոյում, ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ հեռախոսազրույցում, թե ինչպես է հիմա իրեն զգում:
«Մրցաշարի մեկնարկից առաջ ինձ այդքան էլ լավ չէի զգում: Նույնիսկ այստեղ գալուց հետո դրական փոփոխություն չկար: Երևանում մոտ մեկ շաբաթ չէի մարզվել և Գլազգո գալուց հետո եմ միայն վերսկսել մարզումները: Աշխարհի առաջնության մեկնարկից 3 օր առաջ ինձ ավելի լավ էի զգում: Բաց թողած մեկ շաբաթն ինձ ինչ-որ տեղ հետ գցեց: Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք»,- ասել է նա:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016 թ. Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:
Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանն իրավունք է ստացել՝ մասնակցելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկուհին, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերում: Բացի Գեբեշյանից, «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը:
Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին կմասնակցեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: