ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողների գործունեության փոփոխություն
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողների գործունեության հարկային միջավայրը՝ նրանց ազատելով չարդարացված հարկային պարտավորությունների բեռից:
Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հետ վերադարձման ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հետ վերադարձման համար գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
Գյուղատնտեսության որոշ ուղղությունների զարգացման համար առավել բարենպաստ հարկային միջավայր ձևավորելուն է միտված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի նպատակն է ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող` մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելերի, ինչպես նաև ջերմոցների իրացումն ԱԱՀ-ից ազատելն է: