Այգեհովիտցիների չվահաքած բերքի արժեքը Կառավարությունը կփոխհատուցի
Ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ սահմանամերձ համայնքի խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու պատճառով բնակիչներին հասցված վնասի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 161 մլն դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Գյուղատնտեսության փոխնախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն:
Այգեհովիտում շուրջ 15 օր է ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին:
Ըստ նրա՝ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ նշված բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 161 մլն դրամ. 115 տոննա խաղողի բերքը հաշվարկվել է 140 դրամ մթերման գնով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սահմանապահ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
«Այդ 22 հեկտարի վրա հնարավոր չի եղել խաղողի բերքը հավաքել և մենք փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան