Էլեկտրաէներգիայի սակագինը հավասար պայմաններով կսուբսիդավորեն «Տաշիր» հիմնադրամն ու ՀՀ կառավարությունը
ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամ բարձրացումը կսուբսիդավորեն մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ կառավարությունն իր 2015 թվականի օգոստոսի 31-ի և 2014 թ.-ի դեկտեմբերի 18-ի որոշումներում կատարում է փոփոխություններ: Մասնավորապես, որոշման նախաբանում «մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը» բառերը փոխարինվում են «մինչև 2016թ. հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար» բառերով, ինչը նշանակում է, որ սուբսիդիաները վճարվելու են մինչև 2016թ. հուլիսի 31-ը:
Միաժամանակ, մեկ այլ փոփոխությամբ` սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների համար 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2016-ի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար 6,93 դրամ/կՎտժ նվազեցումը կկիրառվի ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար:
«Ըստ պայմանավորվածության` քաղաքացիների և փոքր ու միջին բիզնեսի ծախսած մինչև 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը մենք ենք վճարելու»,- նշեց ՀՀ վարչապետը:
Որոշման նախագծով` ՀՀ կառավարությունը և «Տաշիր»-ը (յուրաքանչյուրը հավասար չափով) 2015-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կփոխհատուցեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը (6,93 դրամ/կՎտժ):
Որոշման նախագծով ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին