ԱՄՆ Սենատում քննարկել են մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում
«Որպես նախկին դեսպան ես պետք է ասեմ, որ ռազմավարական գործընկերները պետք է ընդհանուր արժեքներ ունենան: Այն ամենը, ինչ մենք այսօր քննարկում ենք Ադրբեջանի վերաբերյալ, տանում է դրա հակառակ ուղղությամբ», - խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումների մասին ասել է Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը` Սենատի Մարդու իրավունքների խմբակցության կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները Ադրբեջանում. նախընտրական դիտարկումներ» (Human Rights in Azerbaijan: A Pre-Election Preview) թեմայով քննարկմանը:
Հոկտեմբերի 28-ին անցկացված լսումներին իբրև բանախոսներ հրավիրված են եղել Ադրբեջանում բանտարկված իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսների դուստրը՝ Դինարան, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամi ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյը, Թամարա Գրիգորևան Freedom House-ից, իսկ վարել է քննարկումը նախկին փոխպետքարտուղար Դեյվիդ Քրամերը, ով ներկայումս աշխատում է Մըքքեյն ինստիտուտում:
«Ես որևէ հույս չունեմ, որ երբևէ տեսնելու եմ իմ ծնողներին», - իր հուզական ելույթում ասել է Յունուսների դուստր Դինարան:
Քննարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը և կոչ անելով պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին, Միրիամ Լանսկոյը ասել է. «Ճշմարտությունը կայանում է նրանում, որ ազատ մամուլը Ադրբեջանում մահանում է: Փակել են Ազատություն ռ/կ ծառայությունը, շարունակ հետապնդում են, առևանգում են և ձերբակալում են անկախ կամ ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Գործարարներին արգելված է գովազդ տեղադրել անկախ կամ ընդդիմադիր ԶԼՄ-ներում»:
Դեսպան Կոզլարիչը կոչ է արել պատասխանատվության մեխանիզմներ մտածել մարդու իրավունքների առավել վտանգավոր թշնամիների նկատմամբ՝ սկսելով ճամփորդական արգելքներից:
ԱՄՆ Սենատում անցկացված այս լսումները կազմակերպվել են սենատորներ Մարկ Քիրքի և Քրիս Քունսի, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնությամբ: