Հայաստանում գործազուրկների 13.3 տոկոսը բարձրագույն և հետբուհական կրթություն ունեն
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 87.6 հազար, որից 59.3 հազարը կանայք են, 24,7 հազարը` երիտասարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.5%-ը կամ 74.9 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.2 %-ը կամ 52.6 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.8%-ը կամ 24.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.2% կամ 2.4 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 51.5% (38.6 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 15.6 հազար կամ 40.4%-ը:
Զբաղվածության պետական գործակալությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.3%-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 19.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.3%-ը, ընդհանուր միջնակարգ, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 61.2 %-ը:
Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները /տարբեր/, մանկավարժները /տարբեր/, բուժքույրերը, տեխնիկները /տարբեր/, ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետները և այլ բանվորական մասնագիտացում ունեցողները:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.8%, 30-44 տարեկանները` 39.7%, 45-54 տարեկանները` 20.9%, 55-ից բարձր տարիքի անձինք` 14.6%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 62.9 հազ. անձ կամ 84.0%-ը:
2015թ. հունվար- սեպտեմբեր ամիսներին աշխատանքի է տեղավորվել 7175 աշխատանք փնտրող, որից 4633-ը` կին, 6073-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1491-ը երիտասարդ են:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2712 թափուր աշխատատեղ, որից 73.3%-ը կրկնվող աշխատատեղ է:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները (մարզերում), ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, դաստիարակները, մենեջերները, գործակալները /տարբեր/, միջին մասնագիտական՝ բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, սարքավորումների և համակարգչային օպերատորները և նախնական՝ ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները, կարողները, վարորդները, կոշկագործները, փականագործները, խառատները, ատաղձագործները, եռակցողները և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողները: