Մատերի թանաքոտումը կարող է լուծել կրկնակի քվեարկության խնդիրը. Արծվիկ Մինասյան
«Եթե ընտրական հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում, ապա ցանկացած առաջարկ դառնում է ոչ մի բան», -այսօր ԱԺ-ում նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելուն վերաբերող նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, իրենք մի քանի առաջարկ ունեն, որպեսզի միայն նույնականացման քարտ ունեցող անձինք կարողանան մասնակցել քվեարկությանը: Նախ ըստ պատգամավորի, իրենք առաջարկում են, որպեսզի լինի առանձին տեղեկանք, որը կփաստի, որ նույնականացման քարտ ունեցող քաղաքացին մասնակցել է քվեարկությանը և այդ տեղեկանքի վրա կդրվի դրոշմակնիք: Այնուհետև նրանք առաջարկում են հրապարակել նույնականացման քարտ ունեցող անձանց տվյալները, որը հնարավորություն կտա հանձնաժողովների անդամներին «պատշաճ վերահսկողություն իրականացնել»: Եվ վերջապես մատերը թանաքոտելու առաջարկը, որի կողմնակից էին նաև ԱԺ 4 խմբակցություններ:
«Մատերի թանաքոտումը կարող է լուծել կրկնակի քվեարկությունը: Մի ասեք՝ կջնջեք, կմաքրեք, եթե աշխարհի տարբեր երկրներում այդ քայլին են գնում, ինչի՞ եք մտածում, որ մենք պետք միշտ գնանք վատագույն սցենարով: Եթե սա բարձրացնում է վստահությունը, բերեք գնանք այդ քայլին: Այս փուլում կարելի է գնալ այս ճանապարհով` գոնե բարձրացնելու հանրության մոտ վստահությունը և շանս չտալով «ոչ» ասողների տրամաբանությանը, որ ջուր պղտորեն ու շահած դուրս գան»,- հայտարարեց Մինասյանը: