«Գահի ոգին»` Մնջախաղի թատրոնում
«Գահին ձգտող շեքսպիրյան հերոսի վախճանն անկանխատեսելի է…»: Հենց այս նախադասության վրա է հիմնված Յուրի Կոստանյանի բեմադրած «Գահի ոգին» ներկայացումը, որի պրեմիերան կայանալու է այսօր Երևանի մնջախաղի պետական թատրոնում:
«Ես սովորաբար երկար չեմ բացատրում: Մեկ նախադասություն եմ ընտրում ամեն ներկայացման համար: Մնացածը թողնում եմ հանդիսատեսին, որ հենց տեղում հասկանա, զգա ինչի մասին է ներկայացումը, թողնում եմ հանդիսատեսի ազատ ըմբռնմանը, մոտեցմանը, քանի որ արվեստ է, երբ որ ձևակերպումները շատ են լինում, կկարդա, մի անգամ էլ տեսագրված կտեսնի ու վերջ, էլ ինչու գա նեկայացումը դիտելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ներկայացման հեղինակ, բեմադրիչ, նկարչական և երաժշտական ձևավորող, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանը:
Ներկայացման մեջ հանդես են գալիս Յուրի Կոստանյանը և Գայանե Խաչատրյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ եք անդրադարձել այդ թեմային, ներկայացման հեղինակն ասաց. «Շեքսպիյան հերոսի հասկացողությունը ոչ միայն Շեքսպիրի ժամանակներից է, այլ մեր թվարկությունից առաջ էլ այդ թեման անընդհատ շոշափվում է յուրովի: Դրամատիկ խաղի միջոցով եմ հիմա ներկայացնում: Պարզապես ոչ միայն կարելի է ասել դրամատիկ խաղ, այլ նաև զրույց, երկխոսություն հանդիսատեսի հետ առանց բառերի»:
Յ. Կոստանյանն ասաց, որ այս ներկայացմամբ, որպես մոնոներկայացում, հանդես է եկել Բելգրադում այս տարի կայացած Մոնոդրամայի և մնջախաղի միջազգային փառատոնում, արժանացել ոսկե մեդալի: Բացի այդ, մեկ-երկու անգամ էլ խաղացել է Հայաստանում, բայց ոչ ամբողջական. «Այսօր արդեն ամբողջական տարբերակն է ներկայացվելու՝ փոխված երաժշտությամբ, հագուստներով, բեմական ձևավորմամբ: Նախկինում խաղացածներն ընդամենը փորձարկումներ էին: Այսօրվանից մտնում է մեր թատրոնի խաղացանկ որպես պրեմիերա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա