Իրանագետ. Սիրիայի հարցով բանակցություններում Իրանի ներգրավումը դրական ազդեցություն կունենա
Իրանի ներգրավումը Սիրիայի հարցով բանակցություններին, հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումներն ու դրանցում Իրանի ակտիվ ներգրավվածությունը, սպասելի էր: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
«Իմ անձնական տպավորությամբ, Միացյալ Նահանգներն ամեն դեպքում չէին պատրաստվում այս պահին իրենց համաձայնությունը տալ Իրանի՝ բանակցություններում ներգրավելու հարցին: Սակայն գործընթացներն ավելի արագ ծավալվեցին, քան սպասում էին ԱՄՆ-ում»,-ասաց իրանագետը, ավելացնելով, որ գործընթացների նման արագ ընթացքի պատճառ դարձան Ռուսաստանի՝ Սիրիայի տարածքում իրականացրած գործողությունները, ինչի հետևանքով Իրանն էլ սկսեց ակտիվանալ:
Ռ. Յարալյանի գնահատմամբ, Իրանի մասնակցությունը բանակցություններին դրական ազդեցություն կունենա դրա ընթացքի ու արդյունքների վրա. «Չեմ կարող ասել, թե դա որքանով կարագացնի խնդրի հանգուցալուծումը Սիրիայում, սակայն այն, որ Իրանը շահագրգիռ կողմ է, որ Սիրիայում ու Իրաքում կայունություն լինի ու ամենայն անկեղծությամբ է ներգրավելու այդ գործընթացներին ու փորձելու է ամեն ինչ անել այդ նպատակի համար, դրանում որևէ կասկած չկա»:
Panorama.am-ի զրուցակիցն ընդգծում է, որ տարածաշրջանի այդ երկու երկրներում անկայունությունը Իրանին ձեռնտու չէ, մյուս կողմից էլ Սիրիայի հարցում Իրանի դիրքորոշումը հակասում է արևմտյան երկրների դիրքորոշմանը:
«Արևմուտքն ամեն դեպքում այն համոզման է, որ Բաշար Ալ Ասադը վաղ թե ուշ պետք է հեռանա իշխանությունից, դրան 180 աստիճան հակառակ կարծիք ունեն Ռուսաստանն ու Իրանը: Նրանք այս հարցում բավականին արդյունավետ են գործում: Սա որոշակի հակասություն կառաջացնի, բայց խաղաղություն հաստատելու Իրանի անկեղծ նկրտումը դրական ազդեցություն կունենա»,-կարծիք հայտնեց նա:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Սիրիական ըննդիմությունը դեմ է բանակցություններում Իրանի ներգրավմանը
ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանին հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին