Մեկնարկում է «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագիրը
Դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան (նոյեմբերի 14) ընդառաջ տրվում է «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի մեկնարկը։ ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ծրագրի մեկնարկը կազդարարվի Cartoon non stop բարեգործական մանկական համերգով։ Այն տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Այսօր առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան, ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանը և «Հաղթենք դիաբետը միասին» հասարակական կազմակերպության ղեկավար Խանդութ Հովհաննիսյանը ներկայացրեցին ծրագրի մանրամասները, անդրադարձան շաքարային դիաբետով հիվանդների բուժման հարցերին։
Ելենա Աղաջանովան նշեց, որ շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկն է։ «Ինսուլինային անբավարարության դեպքում երեխաները մշտապես օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկումների կարիք ունեն»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում այսօր առաջին տիպի շաքարային դիաբետով 0-18 տարեկան 450 երեխա է գրանցված, որից 177-ը` 18-22 տարեկան:
Բանախոսը շեշտեց, որ այդ երեխաները, ինչպես նաև մեծահասակներն ապահովված են եվրոպական արտադրության մարդկային ինսուլինով։
«Գիտությունն անվերջ զարգանում է, և աշխարհում կան նորագույն ինսուլիններ, որոնք կոչվում են ինսուլինային անալոգներ։ Դրանց ազդեցությունն ավելի մոտ է բնական ինսուլինի ֆիզիոլոգիական արտադրմանը»,-մեկնաբանեց գլխավոր մանկական էնդոկրինոլոգը։
Դիաբետն ապրելակերպ է, այդ իսկ պատճառով պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել հիվանդների և առաջին հերթին հիվանդ երեխաների կյանքը։ Հասարակության մեջ բոլոր երեխաները հավասար են, և նախարարությունը ձգտում է կյանքի հատուկ պայմաններում հայտնված երեխաների բուժման գործընթացը, նրանց կյանքի որակն էականորեն բարելավել ժամանակակից մոտեցումներ որդեգրելով:
2015թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Արդյունքում, առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները:
«Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» Ծրագրի (http://moh.am/temp/Haytararutyun/programme.pdf) շրջանակում նախարարությունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարտրիջ դեղաձևով, որոնք անվտանգության շնորհիվ, առանց տարիքային սահմանափակումների, լայնորեն կիրառվում են աշխարհում:
Բարձր բուժական արդյունավետության շնորհիվ դրանք հնարավորություն են տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, կանխարգելել խորը հիպոգլիկեմիաները, հետաձգել դիաբետի սուր և քրոնիկ բարդությունների զարգացումը: Դրա հետ մեկտեղ ծրագրի բոլոր շահառուները կապահովվեն ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը։ Դա թույլ կտա ձերբազատվել ավանդական ներարկիչներից և սրվակներից, ներարկումները կատարել առանց ծնողի օգնության, ցանկացած վայրում՝ դպրոցում կամ այլ ուսումնական հաստատություններում: Կարևոր է նաև, որ գրիչ-ներարկիչների շնորհիվ կկրճատվեն ինսուլինի կորուստները։
Հնգամյա պայմանագրով ամրագրված հումանիտար բաղադրիչով նախատեսվող ծրագրի շրջանակում հանրապետությունում կստեղծվի դիաբետի ուսուցման 4 կենտրոն։ Դրանք կապահովվեն ժամանակակից սարքավորումներով, այդ թվում` գլյուկոհեմոգլոբինի անալիզատորներով` իրենց թեստ-ժապավեններով, դիաբետի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված ուսուցման գործիքներով։ Միաժամանակ կիրականացվեն մասնագետների վերապատրաստումներ։
Շատ կարևոր է, որ կստեղծվի դիաբետով հիվանդ երեխաների տվյալների շտեմարան:
Ծրագիրն աջակցում է Հայաստանում դիաբետ ունեցող բոլոր երեխաներին և երիտասարդներին:
ՀՀ առողջապահության նախարարությունը լուրջ քայլեր է իրականացնում նաև շաքարային դիաբետով հիվանդ մեծահասակներին պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերով ապահովման բարելավման ուղղությամբ:
«Անմիջապես արտադրող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու արդյունքում հաջողվել է բարձրացնել դեղերով ապահովվածության մակարդակը, իրականացնել անխափան մատակարարում»,-նշեց ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանը:
ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն հնգամյա պայմանագիր է կնքվել անմիջապես արտադրողից` «Նովո-Նորդիսկ Ա/Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, ինչի շնորհիվ ինսուլինակախյալ բոլոր հիվանդներն առանց ընդհատումների կենտրոնացված կարգով ապահովվում են ինսուլինով:
Նույն կարգով 5-ամյա (2015-2019թթ.) պայմանագիր կնքելու շնորհիվ ֆրանսիական դիաբետոն 60 մգ դեղը ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում ավելի մատչելի գնով։ Ընդ որում, արտադրող կողմը յուրաքանչյուր տարվա համար պայմանագրով նախատեսված դեղի քանակի 10 տոկոսը հատկացնելու է որպես մարդասիրական օգնություն։ Հնգամյա պայմանագիրը հնարավորություն է ընձեռում նախկին տարիների 30 տոկոս ապահովվածության մակարդակը հասցնել շուրջ 80 տոկոսի։ Հայաստանում հաշվառված է շաքարային դիաբետ ունեցող շուրջ 80 հազար հիվանդ։
Նշենք, որ շաքարային դիաբետով բոլոր երեխաներն ու դեռահասները եկող շաբաթվանից կապահովվեն ինսուլինային անալոգներով և գրիչ-ներարկիչներով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում