ՎիվաՍել-ՄՏՍ-ն անվճար Wi-Fi է ապահովել չորս թանգարանի
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքով է ապահովել մայրաքաղաքում գործող մշակութային չորս օջախ: Մեկ տարի անվճար սկզբունքով՝ Wi-Fi հասանելիության անկյուններ են ստեղծվել Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Պետության և մասնավոր հատվածի նմանօրինակ համագործակցության հիմքում մշակութասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվն աշխարհում տարեցտարի ավելանում է: Հատկապես թանգարաններում այսօրինակ հնարավորության ընձեռումը կարևոր է աշխարհին մեր երկրի մշակութային գանձերը ներկայացնելու տեսանկյունից: Ծրագիրը թիրախային խմբին` և՛ հայ և՛ օտարերկրյա այցելուներին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:
Նույն ծրագրի շրջանակներում տարեսկզբին Wi-Fi անկյուններ են ստեղծվել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում:
Թանգարանների մասով՝ ծրագրի տարեկան արժեքը կազմում է մոտ 1 մլն դրամ: Իսկ գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ: