Կենդանաբանական այգու տնօրեն. Առյուծների համար նոր ազատավանդակներ կկառուցվեն
Արման Պետրոսյանն արդեն 22 տարի է՝ աշխատում է Երևանի Կենդանաբանական այգում որպեսգիշատիչների բաժնի ավագ խնամող: Panorama.am-ի հետ զրույցում Ա. Պետրոսյանն ասաց, որ այդ ընթացքում որևէ դեպք չի գրանցվել, երբ գիշատիչ կենդանին հարձակվի այգու աշխատակցի վրա:
Լսել է, որ այգում աշխատանքի անցնելուց շատ տարիներ առաջ գիշատիչ կենդանիները վնասել են այցելուին, խնամողին, նույնիսկ հոշոտման դեպք է եղել:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 16:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի խնամող Վարդան Գրիգորյանի ձեռքը վնասել է այգու Զևս անունով առյուծը:
Պետրոսյանն ասում է, վերջին օրերին կենդանու վարքագծում որևէ մի փոփոխություն չի նկատել:
«Կենդանու հետ խնդիր չկա: Խնամողը խախտել է անվտանգության կանոնները, մոտեցել է ավելի, քան թույլատրվում է: Կենդանին էլ անմիջապես բնազդային արձագանք է տվել»,-ասաց այգու ավագ խնամողը:
Ա. Պետրոսյանը կենդանու նման արձագանքը նորմալ է համարում: Ասում է, ավելին՝ որսի բնազդային ունակությունները չկորցնելու համար այգու խնամողները բոլոր կենդանիների հետ առանձին զբաղվածության ծրագիր են անում, ստեղծում են միջավայր որտեղ կենդանին մաքսիմալ բնական վարքագիծ կկարողանա դրսևորել:
Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ նշեց, որ անկախ Երևանի կենդանաբանական այգու անվտանգության կանոնակարգից՝ գիշատիչ կենդանիների խնամքի դեպքում առկա է նաև մարդկային գործոնը:
«Դա են փաստում նաև աշխարհի տարբեր կենդանաբանական այգիներում ժամանակ առ ժամանակ արձանագրվող նմանատիպ դեպքերը: Երևանի կենդանաբանական այգին, հաշվի առնելով նաև զարգացած երկրների փորձը, այգու ազատավանդակների նախագծերը մշակելիս աշխատում է մարդկային գործոնը հասնել նվազագույնի: Նույն մոտեցումն է կիրառվելու նաև առյուծների համար կառուցվող նոր ազատավանդակը նախագծելիս»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան նշեց Ռ. Խաչատրյանը:
Նշենք, որ միայն 2015թ. ընթացքում կենդանաբանական այգիներում գրանցվել է հարձակումների 25 դեպք, որից երկուսը` հարևան Վրաստանում:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Աշխատակցի վրա առյուծի հարձակումը տեղի է ունեցել անուշադրության պատճառով. Պարզաբանում
Կենդանաբանական այգում առյուծի հարձակումից տուժած աշխատակիցը իրեն լավ է զգում