Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովը դարձնում է իրական ներկայացուցչական մարմին. Զաքարյան
Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը պատասխանատու և կարևոր փուլում է գտնվում, և քաղաքացիները դեկտեմբերի 6-ին պետք է իրենց քվեարկությամբ գնահատական տան սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Սահմանադրության նոր նախագիծն էականորեն կարող է դրական փոփոխություններ բերել մեր պետության կառավարման գործում, պետության և քաղաքացու միջև լիարժեք իրավահարաբերություններ ապահովվելու, պետության ներքին և արտաքին կայուն զարգացումներն ապահովվելու հարցում»,-հավելեց Զաքարյանը:
Նրա խոսքով, մինչև Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելը հնչում էին դժգոհություններ ու որպես դրանց լուծման ուղի մատնանշվում էին համակարգային փոփոխությունները:
«Այսօր իշխանությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ առաջարկում է համակարգային փոփոխությունների իր տարբերակը: Այս տարբերակը բերում է կառավարման ձևի փոփոխություն և Ազգային ժողովը դարձնում է իրական ներկայացուցչական մարմին, կուսակցություններին հնարավորություն է տալիս դասական իմաստով կայանալ և զարգանալ որպես քաղաքական միտք արտադրողներ, ոչ թե քաղաքական խմբավորումներ: Մարդիկ հնարավորություն են ունենալու իրենց խնդիրները, շահերը և հետաքրքրությունները կապել այս կամ այն քաղաքական ուժի հետ»,-ներկայացրեց պատգամավորը:
Նա վստահ է, որ խորհրդարանական կառավարման մոդելը ժողովրդավարությանը մոտ կանգնած «լավագույն ձևն» է ամբողջ աշխարհում:
Ինչ վերաբերում Սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսների հայտարարություններին, Զաքարյանն ասաց, որ «միշտ էլ բարեփոխումներ իրականացնող քաղաքական ուժերից բոլոր հասարակությունները դժգոհ են լինում»:
Նա վստահեցրեց, որ քաղաքացին լինելու է պաշտպանված, իսկ քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար լինելու է այնպիսի խորհրդարան, որը կայուն մեծամասնության պարագայում ունենալու է վերահսկողություն իրականացնելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմները: