Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեմաներով շնորհանդեսներին թուրքերը խանգարում են. Օրդուխանյան
Հայ-գերմանական բարեկամության այգիների հիմնադրման ծրագրով չորրորդ այգին կբացվի գերմանական ամենամեծ Բուսաբանական այգում՝ Դորտմունդ քաղաքում: Առաջին այգին բացվել է այս տարվա ապրիլի 11-ին Երևանում՝ Ավան թաղամասում, երկրորդը՝ Գերմանիայում՝ Բոխում, երրորդը՝ Եղեգնաձորում: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հովանու ներքո: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Նա նշեց, որ այգիների հիմնումը նվիրված է Գերմանիայի Հայ ակադեմիականների միության 155-ամյակին. «Մենք տնկում ենք այդ ծառերը ցույց տալով, որ մեր 155 տարվա բարեկամությունն ավելի խորն է, քան 100 տարի առաջ գերմանաթուրքական համագործակցությամբ, Հայոց ցեղասպանությամբ ընդհատված հայ-գերմանական բարեկամությունը»:
Ա. Օրդուխանյանի խոսքով, Գերմանիայում հիմնված Հայ-գերմանական բարեկամության այգում դեռևս որևէ տեղեկատվություն հաղորդող վահանակներ չեն տեղադրում, քանի որ հնարավոր է թուրքերը վնասեն ծառերը:
«Կսպասենք, որ ծառերը մի քիչ ամրանան, մեծանան, որ հանելը դժվար լինի, նոր նմանատիպ վահականեր կտեղադրենք»,- ասաց նա:
Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահը նշեց, որ թուրքական լոբբին Գերմանիայում լավ է աշխատում. «Հայոց ցեղասպանության թեմաներով գրքերի շնորհանդեսները մշտապես խանգարում են: Շնորհանդեսները հիմնականում կազմակերպում ենք Բոխումի կենտրոնական գրադարանում: Վերջերս երբ ցանկանում էինք Պարույր Սևակի ստեղծագործությունների գերմաներեն թարգմանության շնորհանդեսը կազմակերպեինք նույն գրադարանում, տնօրենն ասաց, որ արդեն հոգնել է հայերի և թուրքերի միջև ընթացող վեճերից, հրաժարվում է Հայոց ցեղասպաության թեմաներով գրքերի շնորհանդեսներ կազմակերպել գրադարանում»:
Նա տեղեկացրեց, որ Գերմանիայում Օսմանյան կայսրությունում ցեղասպանված ազգերի ժառանգները միավորվել և ստեղծել են կազմակերպություն, որի նպատակն է աջակցել միմյանց և հասնել բոլոր ցեղասպանությունների ճանաչմանը, բարձրացնել իրենց քաղաքական պահանջները:
«Կազմակերպությունը դեռևս իր մասին լսել կտա»,- շեշտեց Ա. Օրդուխանյանը, ով նաև կազմակերպության փոխնախագահն է:
Նա նաև հայտնեց, որ վերջերս լույս է տեսել Պարույր Սևակի ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թարգմանիչներն են Ագապի Մկրտչյանը, գերմանացի գրող Հայդե Ռիքը:
Նախորդող հրապարակում՝
Օրդուխանյան. Քաղաքական հարցերում հաջողությունների հասնելու համար պետք է փոխվեն մեր սիմվոլները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան