Մեկնարկել է Դիլիջան քաղաքի եկեղեցու կառուցման ծրագիրը
Դիլիջանում տեղի է ունեցել քաղաքի նոր եկեղեցու հողօրհնության արարողությունը և հայտարարվել է եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկի մասին:
Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով: Ծրագրի դոնորներն են բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, ինչպես նաև Մաքսիմ Աթայանցն ու Արմեն Կարապետյանը:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, ոչ նախօրեին տեղի ունեցած հողօրհնության հանդիսավոր արարողությանը ներկա էին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA-ի և «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի ղեկավարներ Էդգար Մանուկյանն ու Արթուր Հակոբյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր և դիլիջանցիներ:
Հողի օրհնության արարողությունը կատարվել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ:
Նոր եկեղեցին կառուցվելու է Աղստև գետի աջ ափին, Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին հարող տարածքում: Եկեղեցու նախագծի հեղինակը պետերբուրգցի հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն է:
«IDeA հիմնադրամը Դիլիջանում զարգացման տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկն էլ քաղաքում եկեղեցու կառուցման ծրագիրն է: Ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը հետաքրքիր ճարտարապետական լուծումներով նախագիծ է առաջարկել: Վստահ ենք, որ եկեղեցին իսկապես հոգեւոր կենտրոն կդառնա քաղաքի բնակիչների համար»,-նշում է IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:
Եկեղեցին լինելու է կենտրոնագմբեթ՝ երկու զանգակատունով, վերջիններս տեղադրվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա։ Եկեղեցին տեղադրված է լինելու 4,5 մ բարձրությամբ պատվանդանի վրա, որի ներսում կգործեն հասարակական օգտագործման տարածքներ՝ կամարակապ սրահի միջով բացվելով դեպի գետափնյա փողոցը: Եկեղեցու ընդհանուր մակերեսը լինելու է 550 քմ:
Ներկայումս ընթացքում են նախագծային-նախահաշվային աշխատանքները, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ․ ապրիլից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում