Լավրովն ու Քերին համաձայնության չեն եկել Ասադի հետագա ճակատագրի հարցում
Ռուսաստանն ու ԱՄՆ մինչ այս պահը համաձայնություն չունեն այն հարցում, թե ինչ ընթացք է ունենալու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա պաշտոնավարումը: Այս մասին, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Վիեննայում սիրիական հարցով ընթացած բանակցությունների ավարտից հետո:
«Ինչպես նշեց Ջոնը, մենք մինչ այս պահը համաձայնություն չունենք այն հարցի հետ կապված, թե ինչ է լինելու հետագայում Բաշար Ասադի հետ: Համոզված եմ, որ այդ հարցը պետք է լուծի սիրիական ժողովուրդը՝ քաղաքական գործընթացի միջոցով: Ես չեմ ասել, որ նա պետք է հեռանա կամ պետք է մնա»,- նշել է Լավրովը:
Ինչպես հաղորդվում է, Վիեննայում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը հայտարարել են, որ աջակցում են Սիրիայի միասնականության պահպանման գաղափարին և պատերազմի վերջ տալուն:
Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել տաս կետ պարունակող փաստաթղթի շուրջ, որի առաջին կետում նշված է, որ «ծայրաստիճան կարևորություն ունի Սիրիայի միասնականության, տարածքային ամբողջականության, անկախության և աշխարհիկության պահպանումը»:
Կողմերը նաև համաձայնության են եկել՝ պահպանել Սիրիայում գործող պետական ինստիտուտները: Համաձայնություն է ձեռք բերվել նաև ողջ երկրով մեկ հումանիտար օգնություն տրամադրելու, «Իսլամական պետություն» և մյուս ահաբեկչական կառույցների դեմ պայքարելու հարցերում:
Հանդիպմանը կողմերը նաև կոչ են արել ՄԱԿ-ին աշխատանքներ սկսել սիրիական իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության հետ՝ կարգավորման քաղաքական գործընթաց ծավալելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում