Տեղումնառատ նոյեմբեր է սպասվում. Գագիկ Սուրենյան
2015-ը օդերևութաբանության առումով ռեկորդային տարի էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Կարելի է ասել տարվա ընթացքում ունեցել ենք երեք ռեկորդ՝ 2015-ի ձմեռը ամենատաքն էր, ամառը ամենաշոգերի շարքին է դասվել, իսկ հոկտեմբերը ամենախոնավներից էր»,-նշեց մասնագետը:
Նա հայտնեց, որ հոկտեմբերին տեղումների քանակը հանրապետությունում գրանցվել է նորմայի կրկնապատիկն ու եռապատիկը, իսկ Երևանի հոկտեմբերի նորման գերազանցվել է 3 ու կես անգամ:
Անդրադառնալով նոյեմբերի կանխատեսումներին՝ Գ. Սուրենյանը տեղեկացրեց, որ նոյեմբերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի հոկտեմբերի նկատմամբ. «Այս տարվա նոյեմբերը հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից մեկ աստիճանով ցածր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի»:
Նա հայտնեց, որ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տանսօրյակում ցերեկային ժամերին ակնկալվում է օգի ջերմաստիճանի բարձրացում մինչև +7-ից +9-ը, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում այս մարզերում գիշերային ջերմաստիճանը կնվազի մինչև -15-ից -18 աստիճան:
Իսկ Լոռու մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12 -ից +15 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը կնվազի մինչև -8-ից -13 աստիճան:
Տավուշում ամսվա առաջին օրերին ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +13-ից +16 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի անկում՝ մինչև -2-ից -7: Սյունիքում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +14 +17, իսկ ամսվա երկրորդ և երրորդ կեսին գիշերը կնվազի մինչև -3-ից -6:
Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում ամսվա առաջին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12 +15 աստիճան, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակում սպասվում է մինչև -5-ից -7:
Ինչ վերաբերում է Երևանին՝ Սուրենյանը նշեց, որ ամսվա առաջին օրերին ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +12-ից +14 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է մինչև -5-ից -7 աստիճան ցուրտ:
«Ներկայացված ցուցանիշները ամսական միջին արժեքից ցածր են մեկ աստիճանով և թվարկված բոլոր մարզերում տեղումների քանակը սպասում ենք նորմասյից ավելի, այսինքն տեղումնառատ նոյեմբեր է սպասվում: Տեղումները կդիտվեն ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում»,-ասաց Սուրենյանը: