Ազատամարտիկը «Վարդաշեն»-ում հացադուլ է անում` իր ու մյուսների դիմումները մերժելու համար
Ազատամարտիկ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ է հայտարարել` այդպիսով բողոքելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործողությունների դեմ: Արդեն երկրորդ անգամն է հանձնաժողովը մերժում է պայմանական վաղակետ ազատ արձակել ազատամարտիկին:
Նա երեկ հայտարարել էր, որ պահանջում է հանդիպում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Արդարադատության նախարարը չի հանդիպի Վոլոդյա Ավետիսյանի հետ: ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին տեղեկացնում են. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, մասնավորապես ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, իր իրավասության և լիազորությունների շրջանակում կատարել է համապատասխան գործողություն, այն է՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից Անկախ հանձնաժողովին է ներկայացրել դատապարտյալի վերաբերյալ բնութագիրն ու միջնորդագիրը՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Դիմումը բավարարելու կամ մերժելու իրավասությունը տրված է բացառապես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին, որի աշխատանքներին կամ կայացրած որոշումներին միջամտելու իրավասություն Արդարադատության նախարարությանը տրված չէ»:
ՄԻՊ տեղակալ Երանուհի Թումանյանցը և գրասենյակի արագ արձագանքման խումբը երեկ «Վարդաշեն»-ում հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ և տեղեկացել նրան մտահոգող խնդիրների մասին:
«Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ հացադուլ է հայտարարել` բողոքելով անկախ հանձնաժողովի կայացրած որոշումների դեմ, որից դժգոհում են նաև շատ ու շատ դատապարտյալներ: Նա ասաց, որ այդպիսով բարձրաձայնում է նաև մյուս դատապարտյալների խնդիրների մասին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Թումանյանցը:
Նրա խոսքով, անկախ հանձնաժողովը դատապարտյալներին ընդամենը ներկայացրել է որոշում` չտեղեկացնելով, թե ինչ հիմքով են մերժում դատապարտյալի պայմանական վաղակետ ազատ արձակվելու մասին դիմումը:
ՄԻՊ տեղակալը տեղեկացրեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել է, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանին, որպես սննդից հրաժարված անձի, առանձնացնեն:
Հիշեցնենք` Վոլոդյա Ավետիսյանը 2014-ի հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման խոշոր չափի խարդախություն կատարելու համար: Պաշտպանական կողմը բողոքարկել էր դատական ակտը, սակայն ապարդյուն` մերժումներ էին ստացել և Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները