2016թ-ի պետբյուջեի ծախսային մասը կավելանա 68.1 մլրդ դրամով. Արթուր Ջավադյան
2015 թվականի 7 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսական աճի տեմպերն ակնկալվածից բարձր են եղել՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում սպասվածից ավելի մեծ աճերի առկայությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ըստ նրա՝ հունվար-հուլիս ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է մոտ 4.1 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված 2015 թվականի հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի և դրամավարկային քաղաքականության շարունակականության պայմաններում հնարավոր կլինի նախապայմաններ ստեղծել տնտեսական աճի և միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար»,- ընդգծեց ԿԲ նախագահը:
Անդրադառնալով 2016 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ-ի եզրահանգմանը, Ա.Ջավադյանն ասաց, որ հաջորդ տարի ծախսերի գծով նախատեսված է ՀՆԱ-ում տեսակարար կշռի նվազում մինչև 25.2 տոկոսով: «Ընդ որում` ծախսերի կառուցվածքում փոքր-ինչ ավելացել է կապիտալ ծախսերի բաժինը՝ կազմելով ընդհանուր ծախսերի 9.4 տոկոսը: Ընդհանուր առմամբ, պետբյուջեի ծախսային մասը 2015 թ-ի պետբյուջեի հաստատված մակարդակի համեմատ կավելանա 68.1 մլրդ դրամով»,- ասաց նա:
Միաժամանակ Ա.Ջավադյանը նշեց, որ սոցիալական բնույթի ծախսերը 2016 թվականին կաճեն շուրջ 3.9 տոկոսով՝ 2015-ի օրենքով նախատեսված ցուցանիշի նկատմամբ. «Գնաճի վրա ազդեցության տեսանկյունից հաջորդ տարվա պետբյուջեի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի ընդլայնում՝ պայմանավորված բյուջեի պակասուրդի՝ դեռևս պահպանվող բարձր մակարդակով: Արդյունքում, համապատասխան գործողությունների շնորհիվ հնարավոր կլինի գնաճը կառավարել նպատակային միջակայքում»:
Այսպիսով, ըստ ԿԲ նախագահի, 2016 թվականին հարկաբյուջետային ծրագրերի և դրամավարկային քաղաքականության արդյունավետ համակարգումը կնպաստի մակրոտնտեսական կայունությանը, ինչի արդյունքում 2016թ-ի գնաճը կպահպանվի 4±1.5 տոկոսային կետի տատանումների թույլատրելի միջակայքում:
Նա նաև նշեց, որ այս տարին կավարտվի 3 տոկոսային կետ գնաճով: