«Լրագրողները չպետք է ստիպված լինեն ինքնագրաքննություն կատարել իրենց կյանքի համար վախենալու պատճառով»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Այսօր մենք հիշում ենք այն լրագրողներին ու լրատվության ոլորտի աշխատկիցներին, ովքեր սպանվել են իրենց պարտականությունները կատարելիս:
Վերջին տասնամյակում ավելի քան 700 լրագրող է սպանվել (ամեն հինգ օրում՝ մեկը) պարզապես հանրությանը լուրեր ու տեղեկություններ հաղորդելու համար:
Շատերը զոհվում են այն հակամարտությունների ժամանակ, որոնք լուսաբանում են այնքան աներկյուղ: Սակայն չափազանց շատերն էլ գիտակցաբար լռեցվել են ճշմարտությունը հաղորդելու ձգտման համար: Նման դեպքերի միայն 7 տոկոսն է լուծում ստանում, և 10 հանցագործությունից միայն մեկն է լիակատար հետաքննվում:
Նման անպատժելիությունը խորացնում է վախը լրագրողների շրջանում և կառավարություններին հնարավորություն է տալիս հաջողությամբ գրաքննություն իրականացնել:
Մենք պետք է ավելին անենք՝ պայքարելու այս երևույթի դեմ ու ապահովելու, որ լրագրողները կարողանան ազատորեն լուսաբանել խնդիրները: Լրագրողները չպետք է ստիպված լինեն ինքնագրաքննություն կատարել իրենց կյանքի համար վախենալու պատճառով:
Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից հռչակվել է, որպեսզի ընդգծվի լրագրողներին պաշտպանելու հրամայականը, ինչպես նաև ի հիշատակ 2013 թ. նոյեմբերի 2-ին Մալիում սպանված ֆրանսիացի երկու լրագրողների:
Ես ողջունում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լրագրողների անվտանգության և անպատժելիության հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրը նախաձեռնելու համար: Այդ ծրագիրը ՄԱԿ-ի գործակալությունների, կառավարությունների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների ու լրատվամիջոցների ջանքերը միավորող հզոր մեխանիզմ է:
Միասին մենք պետք է կոտրենք անպատժելիության շղթան ու պաշտպանենք լրագրողների` ցանկացած պարագայում ճշմարտության հաղթանակին նպաստելու իրավունքը»: