Ադրբեջանի ԶԼՄ-ները գոհ են Ադրբեջանի ընտրություններից
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային մամուլում համընդհանուր բացասական արձագանք եւ գնահատական են ստացել: Առաջատար միջազգային լրատվամիջոցները գրում են մասսայական ընտրախախտումների, ընտրողների հետապնդումների եւ նրանց ազատությունների համատարած սահմանափակումների վերաբերյալ:
Ինչպես, օրինակ, փաստում է գերմանական Deutsche Welle-ն, «միջազգային դիտորդները չեն մասնակցել ընտրություններին, իսկ ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել են դրանք, որպես շինծու ընտրություններ»:
Չնայած ընտրությունները անցել են ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելությունների բոյկոտի պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են «հարյուրավոր» այլ միջազգային դիտորդների ներկայության մասին՝ հիմնականում Իլհամ Ալիեւի ռեժիմին լոյալ երկրներից եւ կազմակերպություններից:
Մասնավորապես, Թյուրքախոս պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը գոհունակություն է հայտնել Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ կապված, համարելով դրանք «ազատ եւ ժողովրդավարական»:
Թյուրքախոս պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 2008-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի եւ Ղրղզստանի խորհրդարանների ղեկավարների կողմից:
Ղազախստանի խորհրդարանի անդամ Սերիկժան Կանայեւը, ով ղեկավարում էր դիտորդական առաքելությունը, ասել է. «Ընտրողները լուռ գալիս էին ընտրատեղամասեր: Ընտրական գործընթացը ժողովրդավարական էր, ազատ եւ թափանցիկ»:
Նկատենք, որ ընթացիկ տարում այս վեհաժողովի նախագահողը Ադրբեջանի մեջլիսի խոսնակ Օքտայ Ասադովն է:
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ առանց միջազգային դիտորդական առաքելությունների էլ Ադրբեջանում անցկացվում են «ժողովրդավարական ընտրություններ», իսկ ընտրված խորհրդարանը շարունակելու է զարգացնել «Ադրբեջանում պառլամենտարիզմի մշակույթը», իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաջարկությունը 600-700 դիտորդներ ուղարկելու վերաբերյալ «ի սկզբանե ցույց էր տվել նրանց կողմնակալ վերաբերմունքը»:
Թուրքական Hurriyet-ը հիշեցնում է, որ իրավապաշտպանները մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները սահմանափակելու համար, իսկ այդ երկրում քաղաքական ընդդիմությունը հայտարարում է իշխանությունների կողմից բռնաճնշումների, հեռուստաեթերի անհասանելիության եւ ընտրարշավի լայնամասշտաբ սահմանափակումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ վերջերս որոշակի լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ թուրքական մամուլում նյութեր հրապարակվեցին Միացյալ Նահանգներում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի՝ ադրբեջանական նավթային ընկերության` SOCAR-ի հետ կապեր ունենալու վերաբերյալ:
Այսօր, նոյեմբերի 2-ին Ադրբեջանի ԿԸՀ-ը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Տեղամասերի մեծ մասում հաղթել են իշխող կուսակցության ներկայացուցիչները:
Միջազգային շուկայում, ինչպես հայտնում է ադրբեջանական Հաքքին.ազ կայքը, ադրբեջանական նավթի գները շարունակում են անկում ապրել: