«Կապույտ թռչուն» մրցույթում Եվա Գևորգյանն անցել է եզրափակիչ
Երիտասարդ տաղանդներ փնտրող «Կապույտ թռչուն» համառուսաստանյան բաց մրցույթի առաջին ծրագրի արդյունքներով մոսկվաբնակ 11-ամյա դաշնակահարուհի, միջազգային փառատոնների բազմակի դափնեկիր Եվա Գևորգյանը դուրս է եկել եզրափակիչ:
Առաջին ծրագրի տասը մանակցից Եվան և Սոչիից 14-ամյա Կլարա Սեմենցովան են ընտրվել ժյուրիի կողմից՝ անցնելով եզրափակիչ: Մյուս ութ մասնակիցները դեռևս հնարավորություն ունեն հայտնվել եզրափակչում՝ հավաքելով ինտերնետ-քվեարկության արդյունքում ամենաշատ ձայնը:
«Եվան ձգտում է ոչ միայն ուղղակի նոտաներ նվագել, այլ ունկնդրին փոխանցել երաժշտության ամբողջ գեղեցկությունն ու խորությունը: Եվայի տաղանդն անընդհատ զարգանում է, և նա ունի բոլոր հնարավորություններն իրականացնել իր երազանքը և դառնալ հայտնի դաշնակահարուհի»,-այսպես է նկարագրված 11-ամյա դաշնակահարուհին մրցույթի կայքում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ փոքրիկ հայուհին, ով ապրում և սովորում է հայրենիքից հեռու, իր առաջին մեծ մենահամերգն է ունեցել Հայաստանում:
Երիտասարդ տաղանդներ փնտրող «Կապույտ թռչուն» համառուսաստանյան բաց մրցույթին, որն անցկացվում է «Ռոսսիա» հեռուստաալիքով, կարող են մասնակցել 5-15 տարեկան երեխաները: Կան տարբեր անվանակարգեր՝ էստրադային և օպերային վոկալ, բալետ և ժամանակակից պար, երաժիշտների, ակրոբատների, կրկեսային արվեստի մրցույթներ: Ամենատաղանդավոր 40 մասնակիցն ընտրվում են ժյուրիի կողմից, ովքեր բաժանվում են 4 խմբի, որոնք ղեկավարում են հայտնի արտիստներ և դասատուներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան