Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել
Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 օբյեկտներում հարկային ծառայությունները ստուգումներ են իրականացրել, որից 6-ում աշխատանքներն ավարտել են և լուրջ խախտումներ չեն հայտնաբերել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ ստուգումներին մասնակցել են նաև պետական այլ մարմիններ, մեծ թվով փորձագետներ. «Հաշվապահական հաշվառման, հարկային եկամուտների ապահովման ճշգրտումներ են տեղի ունեցել հաշվանցումների միջոցով, և մնացել է ստուգումները մեկ ձեռնարկությունում ավարտենք, դա «Արարատի ցեմենտ» գործարանն է»:
«Համապատասխան հանձնարարություն ենք ստացել, ստուգել ենք և էական խախտումներ չենք հայտնաբերել: Ասեմ, որ մենք ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի սահմաններում»,- ընդգծեց Գ.Խաչատրյանը:
Հարցին, թե քաղաքական գործոնն այստեղ բացառվո՞ւմ է, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Վերջին տարիներին դուք չեք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմինները քաղաքական գործընթացների մեջ ունենան այնպիսի դերակատարություն, որը հակասում է օրենքին»: