Թուրքագետ. Չեմ կարծում, որ ընտրողների սպասած կայունությունը կլինի
Թուրքիայի քաղաքացիները երեկ քվեարկություն կատարեցին հանուն կայունության, սակայն թուրքագետ Լևոն Հովսեփյանը վստահ չէ, որ հետընտրական շրջանում երկիրը կայուն կլինի:
«Քարոզարշավն ընթացավ մոտավորապես այսպես. «Առանց ԱԶԿ-ի սպասեք ավելի վատի, իսկ եթե ընտրեք ԱԶԿ-ին ապա կունենաք կայուն երկիր»: Սակայն չեմ կարծում, որ ընտրողների սպասված կայունությունը կլինի: Այս առումով շատ կարևոր են քրդական գործոնը, Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայում հնարավոր զարգացումները»,-կարծիքն այսպես հիմնավորեց Panorama.am-ի զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում երեկ անցկացրած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացավ, այս պահի տվյալներով, 317 մանդատ, ինչը հնարավորություն տվեց միակուսակցական կառավարություն ձևավորել:
«Հենց սրան էին ձգտում Էրդողանն ու ԱԶԿ-ն, ինչի նպատակը հենց այս արտահերթ ընտրություններն էին: Հունիսի 7-ի ընտրությունների համեմատ ԱԶԿ-ն 4.4 մլն-ով ավելացրեց իր քվեները»,- ամփոփելով Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Նրա խոսքով, ԱԶԿ-ն կարողացավ իր քվեներն ավելացնել Ազգայնական շարժում կուսակցության ու Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քվեների հաշվին, որոնք համապատասխանաբար կորցրել են 1.9 մլն և 1.06 մլն քվե:
«Հենց այս կուսակցությունների քվեներն են, որ ապահովեցին ԱԶԿ-ի հաղթանակը»,-ասաց Լ. Հովսեփյանը:
Այսօր Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիներն ընտրել են հանուն երկրի կայունության: Թուրքագետ Լևոն Հովսեփյանը համաձայն է այս դիտարկմանը. «Չափազանց կարևոր էր հենց կայնության գործոնը: Նախորդ ընտրություններից հետո փաստորեն ԱԶԿ-ն բավական լավ կարողացել էր ուսումնասիրել ու վերաիմաստավորել՝ նոր թափով հանդես գալու համար: Առաջինը դա ԱԶԿ-ի ազգայնական հռետորաբանությունն էր, ինչի արդյունքում նրանք կարողացան ձայներ վերցնել Ազգայանական շարժում կուսակցությունից: Մյուսը, քրդաբնակ նահանգներում՝ Դիարբեքիրում, Իգդիրում, Մարդինում, Վանում, Ուրֆայում և այլուր, որտեղից նախորդ ընտրություններին քիչ ձայներ էր ստացել, կարողացավ դրանք ավելացնել Քրդական կուսակցության քվեների հաշվին»:
Թուրքագետի դիտարկմամբ, այս ընտրություններում պարտվողը Ազգայանական շարժում կուսակցությունն էր. «Նախորդ անգամ այն բարձր արդյունքներ էր գրանցել, այս անգամ չափազանց ցածր ցուցանիշ ունեցավ»:
Լ. Հովսեփյանը նկատեց, որ չնայած Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քվեները նվազել են, սակայն նա ստացած մանդատների թվով երրորդն է խորհրդարանում՝ առաջ անցնելով Ազգայնական շարժում կուսակցությունից: Այս պահի տվյալներով, խորհրդարանում 317 մանդատ ստացել է ԱԶԿ-ն, 134 մանդատ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, 59՝ Քրդական կուսակցությունը, 40 մանդատ՝ Ազգայնական շարժում կուսակցությունը:
«Ճիշտ է, Քրդական կուսակցության քվեները նվազեցին, բայց կարելի է ասել, այդ ուժի համար ընտրությունների արդյունքները ձախողում չէին»,-գնահատեց թուրքագետը:
Ինչ վերաբերում է քվեարկության ընթացքին, ապա դրան հետևած թուրքագետն ասաց, որ ընդդիմադիր մամուլում խախտումների մասին հրապարակումներ եղել են. «Բայց այնպիսին չէր տպավորությւոնը, որ տոտալ կեղծիքների մասին է խոսքը: Ես միանշանակ չեմ բացառում ընտրակեղծիքների առկայությունը, քանի որ այս ընտրությունների արդյունքները Էրդողանի համար կենաց մահու պայքար էին»:
Լ. Հովսեփյանն այս առումով ընդգծում է, որ ընտրություններն անցկացվել են տոտալ վերահսկողության պայմաններում. «Սա ևս կարևոր է, քանի որ դա կարող էր մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»:
Նախորդող հրապարակումներ՝
Էրդողանը կոչ է արել հարգել Թուրքիայի ընտրությունների արդյունքները
Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքներն անակնկալ էին բոլորի համար. Չաքրյան
Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի և հայկական համայնքի նկատմամբ. Թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան