2016թ-ի պետական բյուջեն ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն. վարչապետ
2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում առաջին հերթին դրվել են իրատեսականության և կայունության դրույթները: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքերով՝ 2016 թ-ի պետական բյուջեն ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի կեսը կազմում են սոցիալական, կրթական , մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը:
«Իսկ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ծախսերը նախատեսված են այս ոլորտում մեր կենսունակությունը ամրապնդելու և պահպանելու տրամաբանությամբ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բացի այդ, ՀՀ կառավարությունը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը:
Հ.Աբրահամյանը նշեց, որ հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են գլոբալ կառուցվածքային փոփոխություններ:
«Լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալը ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,-նշեց վարչապետը:
Հ.Աբրահամյանը նաև հայտնեց, որ բազմաթիվ տնտեսագետներ և միջազգային կառույցներ 2015թ-ի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009 թթ-ի միջագային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
«Էներգակիրների գների կտրուկ տատանումներով է պայմանավորված տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում, որոնք բերեցին տարածաշրջանային երկրներում տրանսֆերտների զգալի անկման: Նման անկումը էապես դանդաղեցրեց տնտեսական աճը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը:
Այս պայմաններում, ըստ նրա, ՀՀ-ում 9 ամիսներին գրանցված շուրջ 3.6% տնտեսական աճը խոսում է այն մասին,արտաքին պայմանների վատթարացման դեպքում միակ ճանապարհը ներդրումների խթանումն է և աշխատեղերի ստեղծումը:
«Հարկ է խթանել հայրենական արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել կայուն աճի նախադրյալներ: Տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազեցման պայմաններում ՀՀ կառավարության պետական բյուջեի նախագծով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից»,- ավելացրեց Հ.Աբրահամյանը:
Այս առումով, ըստ նրա, բացարձակ կարևորություն է ստանում ՀՀ հարկային նոր օրենսգրքի քննարկումը և ընդունումը, որի մշակման ժամանակ, ինչպես նշեց վարչապետը, ֆինանսների նախարարությանը տվել է ցուցումներ. նախատեսել երկարաժամկետ աճի խթանում, երկրի մրցունակության բարձրացման համար հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա, բացի այդ, որպես հիմնադրույթ՝ հարկահավաքման արդյունավետության բարձրացում և հարկատուների համար պայմանների դյուրացում:
«Այս բարեփոխումները կիրականացվեն 3-5 տարվա ընթացքում, պետք է նախատեսվի հարկային վարչարարության աստիճանական բարդացում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի վերաբերյալ ակտիվ քննարկումներ ԱԺ-ում:
Վարչապետը նաև հավելեց, որ կառավարությունը խնդիրներին նայում է ոչ թե այսօրեկան շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսանկյունից: Նա ընդգծեց, որ հնարավորության սահմաններում ձգտել է գերադասել երկարաժամկետ օգուտները անմիջական եկամուտների գայթակղությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան