Անհրաժեշտ է թիրախավորել այն կողմին, որը իրականում խախտում է հրադադարի ռեժիմը. Սեյրան Օհանյան
Հակառակորդի կողմից կրակոցները սահմանին նվազել են, վերջին երկու շաբաթվա ընթացքում կարելի է ասել` հասել են մինիմումի։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նկատելով, որ դա պայմանավորված է Ադրբեջանում ու Թուրքիայում երեկ տեղի ունեցած ընտրություններով:
«Մենք հիմա խիստ վերահսկում ենք, համապատասխան վերլուծություններ ենք կատարում, և մեր զինուժը, հատկապես պաշտպանության բանակը, պատրաստ է ցանկացած զարգացումների», - հայտարարեց նախարարը:
Անդրադառնալով առաջնագծի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, մասնավորապես ընդհանրական գնահատականներին, Օհանյանը նկատեց. «Այս տարիների ընթացքում մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքն ի վերջո բերում է նրան, որ ո՛չ պատերազմ և ո՛չ էլ խաղաղություն իրավիճակը և հարաբերական զինադադարի պահպանման պայմանները պահպանվում են: Մեր ցանկությունն այն է, որ գնահատականները թիրախային լինեն այն կողմի համար, որը խախտում է հրադադարը»:
Ըստ Օհանյանի, եկել է ժամանակը լիարժեք միջազգային հետաքննական պայմաններ ապահովել, ինչը կարող է լիարժեք գնահատական տալ, թե խախտումները որ կողմից են: Հայկական կողմի կարծիքով, նախարարի խոսքով, անհրաժեշտ է գնահատական տալ և թիրախավորել այն կողմին, որը իրականում խախտում է կատարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան