Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովն Իսրայելում (տեսանյութ)
Երեկ, Նոյեմբերի 2-ին, Թել Ավիվում մեկնարկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում է «Նշանավորելով Հայոց ցեղասպանության 100 տարին» (“Marking one hundred years to the Armenian genocide”) անվանումը: Այն կազմակերպվել է Իսրայելի Բաց համալսարանի Սոցիոլոգիայի, քաղաքագիտության և հաղորդակցության ֆակուլտետի կողմից:
Կազմակերպիչների թվում են դոկտոր Յաիր Աուրոն (գիտաժողովի նախագահ) և Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսորներ Իսահակ Լուբելսկին և Դենիս Չարբիտը՝ ովքեր Իսրայելում դասավանդում են Ցեղասպանության վերաբերյալ դասընթաց են վարում, և այս առումով եզակի են: Բացման արարողության ընթացքում նրանցից յուրաքանչյուրը հանդես եկավ ելույթի խոսքով:
Կազմակերպիչների խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր իրադարձություն է նրանց համար. նրանք խոսեցին այն մասին, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ընդգծեցին, որ դրա պաշտոնապես ճանաչումը հրամայական է Իսրայելի համար:
«Դա իմ երազանքն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա շուտ չի լինի, սակայն կլինի: 30 տարի է, ինչ ես պայքարում եմ, որպեսզի իրականություն դարձնեմ այս միջոցառումը, և քանզի այն այսօր տեղի է ունենում, կարելի է համարել, որ իմ երազանքը մասամբ ի կատար է ածվել: Մենք ծրագրում են, որ այս գիտաժողովը կկրի ամենամյա բնույթ», - Panorama.am-ի թղթակցին ասել է Յաիր Աուրոն:
«Գիտաժողովի նպատակն էր Հայոց ցեղասպանության հարցի շուրջ բաց քննարկում իրականացնել գիտնականների շրջանում: Ընդհանուր առմամբ Բաց համալսարանը բավականին լուրջ է վերաբերվում Ցեղասպանության խնդրին, այդ իսկ պատճառով այս գիտաժեղովը անչափ կարևոր է մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Լուբելսկին:
Գիտաժողովին նաև ներկայացված է Հրեական ձայներ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են հավաքածուներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Բացման արարողությունը ուշագրավ էր նաև նրանով, որ Իսրայելի երգչախումբը Թոմեր Հեիզեգի գլխավորությամբ կատարեց երեք ստեղծագործություն, որոնցից մեկը «Էրեբունի-Երևան» կոչվող երգի հայերեն կատարումն էր, իսկ օրվա ավարտին ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը:
Գիտաժողովը կտևի ևս երկու օր: Մասնակիցների կազմում են ինչպես հրեա գիտնականներ, այնպես էլ արտասահմանից հրավիրվածներ՝ այդ թվում թուրք գիտնականներ:
Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Իսրայելի նախագահ Ռուբի Ռիվլինի հետ:
Նվարդ Չալիկյան