ԵՄ խուլ քննադատությունը Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների հետ կապված
«ԵՄ աջակցում է միջազգային չափանիշերին համապատասխանող այն ընտրություններին, որոնք անցկացվում են թափանցիկ եւ ներառական կերպով»,-նման խուլ քննադատությամբ է հանդես եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինիի մամլո խոսնակը` Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ:
Փաստելով, որ Ադրբեջանի իշխանությունների առաջ քաշած սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը չեղյալ է հայտարարել, Եվրամիությունը, այնուամենայնիվ, որոշել է շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը, պնդելով, սակայն, որ «Ադրբեջանի իշխանությունները պետք է իրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկինում արված առաջարկությունները»:
Հատկանշական է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները այս հայտարարությունը մասսայաբար տարածել են, իբրեւ Եվրամիության կողմից նոյեմբերի 1-ի ընտրությունների «լեգիտիմության» եւ «բարձր մակարդակի» փաստի հաստատում:
Հիշեցնենք, որ միջազգային մամուլը եւ իրավապաշտպան կազմակերպությունները քննադատաբար են մոտեցել Ադրբեջանում անցկացված ընտրություններին՝ հղում անելով մարդու իրավունքների համատարած սահմանափակումների, քաղբանտարկյալների եւ այլ խնդիրների վրա:
ԵՄ հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Ադրբեջանի իշխանությունները որեւէ համաձայնության չեն եկել ընտրությունների դիտորդական առաքելության անդամների քանակի հետ կապված, ինչը ստիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին չեղարկել ընտրությունների դիտորդական առաքելությունը: Ընտրությունների դիտորդական առաքելություն է իրականացրել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը:
Ադրբեջանի իշխանությունները պետք է իրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկինում արված առաջարկությունները:
ԵՄ աջակցում է միջազգային չափանիշերին համապատասխանող այն ընտրություններին, որոնք անցկացվում են թափանցիկ եւ ներառական կերպով: Երեկվա (նոյեմբերի 1-ի) ընտրություններում մեկ հիմնական ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել, քանի որ այն համարել է, որ նույնական խաղի կանոններ ապահովված չեն բոլոր թեկնածուների համար:
ԵՄ ակնկալում է շարունակել Ադրբեջանի տարբեր հաստատությունների հետ համագործակցությունը, ներառյալ նորընտիր խորհրդարանը, ի շահ բոլոր քաղաքացիների»: