Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է գործընկերության բոլոր գործիքները. ՆԱՏՕ-ի կապի սպա
«ՆԱՏՕ-ի հետ ունենք բավականին երկար պատմություն և բոլոր գործընթացներում արձանագրել ենք առաջընթաց: Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
«Արձանագրած առաջընթացի հետ միասին օրակարգային ծրագրեր ենք առաջ քաշում մեր համագործակցության մեջ, ներգրավվում ենք նոր ոլորտներ»,-նշեց Ս. Մկրտչյանը՝ ներկայացնելով համագործակցության չորս հիմնական բաղադրիչները՝ քաղաքական երկխոսություն, պաշտպանություն, արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցություն և խաղաղության ծրագրի շրջանակներում համագործակցություն:
Հանդիպմանը ներկա Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն նշեց, որ այս պաշտոնում է արդեն չորս տարի և Հայասատան-ՆԱՏՕ հարաբերությունները կարևոր են և որոշ առումով նաև յուրահատուկ, քանի որ ՀԱՊԿ միակ անդամ երկիրն է, որ մասնակցում է ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ գործողություններին:
«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված չեն մրցակցային հիմքի վրա, այլ գտնվում են գործընկերային շահերի հիմքի վրա: ՀՀ հետ ՆԱՏՕ-ի համագործակցության նպատակներից է օժանդակել խաղաղության և անվտանգության կայունացման հաստատմանը ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ավելի գլոբալ առումով»,-ասաց Ուիլյամ Լահյուն:
Նա նկատեց, որ Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է գործընկերության բոլոր գործիքները, որոնք տրամադրում է Հյուսիսատլանտյան դաշինքը. «Ձեր խաղաղապահ ուժերը այս համագործակցության փայլուն օրինակ են, նրանք վարժվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան»:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպան ընդգծեց համագործակցության մյուս նախաձեռնությունը՝ բարեվարքության կանոնակարգը, որի գլխավոր նպատակը ԶՈւ կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է. «Այս շաբաթ կազմակերպվում է առաջնորդության դասընթացներ կառավարության ներկայացուցիչների համար»: