Ուիլյամ Լահյու. ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը միգուցե քննարկվի, եթե...
ՆԱՏՕ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն՝ անդրադառնալով շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրմանը:
«Ցանկացած երկիր, որը զինամթերք է տրամադրում կողմերից որևէ մեկին, փաստորեն աջակցում է այս հակամարտության շարունակությանը: ՆԱՏՕ-ն անմիջապես չի մասնակցում խաղաղ բանակցություններին կամ կարգավորման գործընթացին, բայց աջակցում է այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ հարցով»,-նշեց նա:
Նրա խոսքերով, այս շարունակվող խնդիրն իր բացասական ազդեցությունն է թողնում ողջ տարածաշրջանի վրա. «Այն բացասական ազդեցություն ունի ոչ միայն անվտանգության խնդիրների վրա, այլ տարածաշրջանի ապագայի և տնտեսական բարգավաճման վրա»:
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցին, նա ասաց. «Հետաքրքիր հայեցակարգ է, սակայն ՆԱՏՕ-ի նպատակների մեջ չի մտնում: Եթե Հայաստանը և Ադրբեջանը, և այլ ներգրավված կողմերը, միջազգային հանրության աջակցությամբ որոշեն, որ խաղաղապահների տեղակայումը կարող է նպաստավոր լինել հակամարտության կարգավորման համար, որ դա թույլ կտա վերջ տալ մարդկային կորուստներին, միգուցե հարցը քննարկվի»:
ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշեց, որ խաղաղապահ գործողությունների խնդիր օրակարգում կա, սակայն, այն լինելու է աջակցություն հակամարտության կարգավորման խաղաղապահ համաձայնագրի և չի կարող լինել մինչև համաձայնագրի կնքումը, որովհետև միայն դրանից հետո պարզ կլինի՝ ինչ բնույթ կկրի խաղաղապահ գործունեությունը:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է գործընկերության բոլոր գործիքները. ՆԱՏՕ-ի կապի սպա