2016-ի բյուջեով նախագահի աշխատակազմին 22 մլն-ով պակաս գումար է հատկացվելու
2016-ին նախագահի աշխատակազմին տրմադրվելու է 4 մլրդ գումար, ինչը 2014-ի բյուջեի համեմատ նվազել է 22 մլն-ով կամ 0,5 տոկոսով: Այդ մասին այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Բյուջե-2016-ի նախագծի քննարկման ժամանակ ներկայացնելով բյուջեի նախագիծը, հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի անելիքը 2016-ի ընթացքում: Մասնավորապես, Սարգսյանի խոսքով, աջակցություն հասարակական կազմակերպություններին ծրագրի շրջանակներում նախատեսվում է 70 ծրագիր իրականացնել:
«Նախագահի աշխատակազմի կողմից աջակցություն ՀԿ-ներին դրամաշնորհային ծրագրերին մասնակցող կազմակերպությունների թիվը հինգ անգամ ավելացել է», -հավելեց Վիգեն Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ մանրամասն ուսումնասիրվում են ՀԿ-ները, որպեսզի գումարները անհասցե չտրվեն:
«Վերահսկողական ֆունկցիաները խստացվել են»,-հայտարարեց Սարգսյանը: